16 10 2018

ԸՕ նախագիծը բերվում է, որ չանցնի, և դա դառնա քաղաքական հիստերիայի առարկա․ Վիգեն Սարգսյան

ԸՕ նախագիծը բերվում է, որ չանցնի, և դա դառնա քաղաքական հիստերիայի առարկա․ Վիգեն Սարգսյան

ԱԺ-ում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Ընտրական օրենսդրությունը բարեփոխելու՝ վարչապետին առընթեր հանձնաժողովի անդամների հանդիպումը։

Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ Կառավարության անդամների հետ հանդիպմանը ՀՀԿ ներկայացուցիչները բարձրացրել են ԸՕ-ի հետ կապված խոստումները՝ ցուցակների բեռնաթափման, կրկնաքվեարկությունների հետ կապված։

«Հարցը բարձրացվել է, և նրանք պարզապես ասել են, որ խոստումներից չեն հրաժարվում»,- նշեց նա։ Պատասխանելով այն հարցին, թե անձամբ իրենց ինչն է մտահոգում Կառավարության մշակած ԸՕ-ից, Վահրամ Բաղդասարյանն ասաց․ «Շտապողականությունը։ Մեկ ու կես ժամ առաջ ենք ստացել վերջնական տարբերակը, այդ իսկ պատճառով որևէ մեկը չէր հասցրել ծանոթանալ։ Իրենք սա ընդունեցին, պայմանավորվեցինք, որ այդ 24 ժամյա ռեժիմը վերանայվի, որ առաջինից երկրորդ ընթերցում կարողանանք նորմալ քննարկում կազմակերպել»։

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանը նշեց, որ հանձնաժողովն ինտեսիվ չի աշխատել խորհրդարանում չորս ֆրակցիաների կողմից ստեղծված աշխատանքային խմբի հետ: «Ավելին` այդ խմբի կողմից կային կոնսենսուսային առաջարկներ, որոնք հաշվի չեն առնվել նախագծում»,-ասաց նա՝ հավելելով, որ այն օրեր առաջ է ուղարկվել Վենետիկի հանձնաժողով, այն էլ՝ ոչ վերջնական, և նշվել է, որ չեն հասցնելու պատասխան ստանալ, ինչը, ըստ նրա՝ անարգանք է Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ:

Ըստ Վիգեն Սարգսյանի՝ ավելի հեշտ էր չուղարկելը՝ ասելով, որ արտակարգ իրավիճակ է: Նախկին ՊՆ-ի խոսքով՝ այն հապճեպությունը, որ տեսնում ենք, պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխող քաղաքական ուժն իր համար նպաստավոր է համարում քաղաքական ընտրություն անցկացնելը և իր համար դիմում է մի քայլի, որը վնաս է հասցնում ժողովրդավարությանը, կուսակցությունների կայացման գործընթացին:

Ինչ վերաբերում է նոր օրենսգրքով ընտրություն անցկացնելուն, նա ասաց, որ տեխնիկապես ամեն ինչ հնարավոր է: «Ես մի կարծիք ձևավորեցի, որը մի հարցով նաև հաստատեցի, և ասացի դա պարոն Միրզոյանին: Ես համոզմունք ունեի, որ կառավարությունը այս հապճեպությամբ նախագիծը բերում է, որ այն չանցնի և այդ չանցնելը դարձնի քաղաքական հերթական հիստերիայի և քարոզչության առարկան: Ես ամրապնդեցի այդ կարծիքը: Իմ մոտ տպավորություն կա, որ կառավարությունն այս նախագիծը բերելով, ուզում է կատարած լինել իր նախընտրական խոստումը, այնուհետև ձեռքերը լվանա ասի` դե ես բերեցի, խորհրդարանը չընդունեց»,-ասաց նա:Ըստ նրա` կա հապճեպություն, որը քաղաքական դաշտի և կուսակցություններին խանգարելու է: «Ես դեմ եմ, երբ խորհրդարանական հանրապետությունում, խորհրդարանի ընտրության հարցը քննարկվում է գործադիրում, իսկ չորս խմբակցությունը, այդ թվում «Ելքը» այստեղ նստած աշխատում են, իրենց բանի տեղ չեն դնում»,-ասաց նա և նշեց, որ հիմա ուշ է:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե ԸՕ-ի շուրջ այսօրվա քննարկումն ուշացած էր, ասաց․ «Համաձայն չեմ Վիգեն Սարգսյանի դիտարկման հետ, կարող եմ մի սուբյեկտիվ և համարձակ դատողություն էլ անել, քանի որ ինձ թվում է, որ ՀՀԿ խմբակցությունում բոլորը չէ, որ համաձայն են նրա հետ, որովհետև մի քանի պատգմավորներ շատ լուրջ ու բովանդակային քննարկում էին վարում»։

Ըստ առաջին փոխվարչապետի՝  ՀՀԿ-ի որոշ պատգամավորների կողմից նաև առաջարկներ են եղել։ Ինչ վերաբերում է քննարկման արդյունքին, Արարատ Միրզոյանն ասաց․ «Մենք ՀՀԿ-ի հետ պայմանավորվել ենք, որ այս ընթացքում մի փոքր ավելի ինտենսիվորեն աշխատենք։ Եթե բոլորի կողմից կա մտադրություն ունենալ լավ ԸՕ, լավ ընտրական համակարգ ընտրություններից առաջ, եթե գտնում ենք, որ  ժամանակ կա, ապա ջանքերն ինտենսիվացնենք ու որոշակի շտկումներ անենք»։

Առաջին փոխվարչապետը, անդրադառնալով ԸՕ-ն Վենետիկի հանձնաժողով ներկայացնելու մասին, նշեց․ «Մենք և՛ հայեցակարգ շատ ավելի վաղ, և՛ օրենքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկել ենք, պաշտոնապես վերջին տարբերակն այսօր է ուղարկվել։ Վենետիկի հանձնաժողովի հետ կոնտակտները շարունակվելու են, հուսամ՝ որոշակի փոխըմբռնում կլինի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ