12  10  2018

Վարչապետի հետֆրանկոֆոնյան ուղիղ միացումը

Վարչապետի հետֆրանկոֆոնյան ուղիղ միացումը

Վարչապետ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17–րդ գագաթնաժողովը, նշել է՝ գագաթնաժողովի արդյունքները մեր երկրի համար դրական են։

Վարչապետը նկատել է, որ դա անկախությունից ի վեր ամենախոշոր միջազգային իրադարձությունն էր մեր երկրում, որը ծառայել է մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը։

Փաշինյանը արձանագրել է, որ Գագաթնաժողովն անցել է շատ բարձր մակարդակով և շնորհակալություն է հայտնել բոլոր մարդկանց, ովքեր ներգրավված են եղել կազմակերպչական աշխատանքներում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին  և այլ կազմակերպիչների։

Նա նկատել է, որ Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու մասին որոշումը կայացրել են դեռ 2016 թ–ին. «Գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու գործում շատ մեծ է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանի դերակատարությունը։  Հատուկ շնորհակալություն Էդուարդ Նալբանդյանին այդ ջանքերի համար»,- ասել է վարչապետը։

Նա ընդգծել է նաև Ոստիկանության և ԱԱԾ–ի արդյունավետ ծառայությունը։

Վարչապետը չի մոռացել նաև շնորհակալություն հայտնել ֆրանսերենի իր դասախոսին և խոստացել շարունակել ֆրանսերենի, անգլերենի և ռուսերենի ուսումնառությունը։ 

«Հենց հիմա սկսվում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պաշտոնական այցը Հայաստան, որը տեղի է ունենալու այսօր և վաղը։ Կանադայի վարչապետի հետ հասցրել ենք շփվել և այս պաշտոնական այցը շատ կարևոր ավարտական ակորդ կլինի»,-նշել է Փաշինյանը։ 

Նա շնորհակալություն է հայտնել նաև ժողովրդին. «Մեր երկրում ամենատպավորիչը մարդիկ են, նրանց հյուրասիրությունը, ջերմությունը շատ կարևոր է»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ