03 10 2018

Պատերազմի վերսկսումը կարող է ավարտվել Ադրբեջանի փլուզմամբ. Զատուլին

Պատերազմի վերսկսումը կարող է ավարտվել Ադրբեջանի փլուզմամբ. Զատուլին

ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է ադրբեջանցի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի հայտարարությանն այն մասին, որ ՌԴ-ն «օկուպացրել է» ադրբեջանական տարածքները: Խոսքը վերաբերում է Արցախի հիմնախնդրին։

Զատուլինը Ruposters.ru-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանը հիմնախնդրի հետ առնչություն չունի, իսկ պատերազմի վերսկսումը կարող է իսկական աղետ դառնալ Բաքվի համար: «Ադրբեջանի վարած քաղաքականության ու նրա միջև, թե ինչ է Ադրբեջանը ցանկանում, որ մենք մտածենք իր քաղաքականության մասին, մեծ տարբերություն կա: Անշուշտ, խորհրդարանում կան որոշ անկեղծ մարդիկ, ովքեր ցանկանում են իրերն իրենց անուններով կոչել: Ինձ համար նրանք պակաս վտանգավոր են , քան նրանք, ովքեր պատմում են Ռուսաստանի հանդեպ հրաշալի վերաբերմունքի մասին, սակայն ամեն պահի պատրաստ են թիկունքից հարվածել և մեր վրա բարդել սեփական մեղքերն ու խնդիրները», - նշել է Զատուլինը։

«Ադրբեջանը չի ցանկանում փոխզիջման գնալ, նրանք ցանկանում են վերցնել իրենցը սպառազինությունների, աճող ռազմական սպառնալիքի հաշվին: Մենք այդ հարցում հետաքրքրված չենք, և այդ պատճառով էլ մեր ջանքերն ուղղված են Ղարաբաղում նոր պատերազմ թույլ չտալուն: Եվ այս իմաստով մեր հակառակորդները դառնում են Ադրբեջանի ղեկավարներն ու քաղաքական շրջանակները, որոնք շատ են խոսում պատերազմի հավանականության մասին: Ի դեպ, դա կարող է ավարտվել Ադրբեջանի փլուզմամբ, Ադրբեջանն այն կայուն երկիրը չէ, ինչպիսին կցանկանար լինել», - հավելել է ռուս պաշտոնյան՝ նաև նկատելով, որ թեև Ադրբեջանը մեծ գումարներ է ստանում նավթի ու գազի վաճառքից, սակայն այդ եկամուտները բնակչության շրջանում հավասարաչափ չեն բաշխվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ