29 09 2018

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հաղորդել է Փաշինյան-Ալիև զրույցի մասին

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հաղորդել է Փաշինյան-Ալիև զրույցի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով կրկնել է ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ Իլհամ Ալիևի հետ Դուշամբեում կայացած զրույցի վերաբերյալ։ 

Ինչպես նշվում է, զրուցակիցները հայտնել են խնդրի բանակցային եղանակով լուծման և շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի ամրապնդման իրենց հանձնառության մասին։ Հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը որոշել են մշակել համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապի հաստատման մեխանիզմներ։ 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում  նշեց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումը ոչ ֆորմալ էր, ըստ էության, դա նրանց առաջին հանդիպումն էր: «Մենք պայմանավորվեցինք, որ մեր ՊՆ-ներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում և ընդհանրապես լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք»,-նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություն ձեռք բերվելու հարցն է նաև քննարկվել:

Փաշինյանի խոսքով՝ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են նաև, որ օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա պիտի ստեղծվի, ինչպես նաև խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: Ն. Փաշինյանը նշեց, որ իր վարչապետ ընտրվելուց հետո երեկվա գիշերը սահմանային դրությունն ամենահանգիստն է եղել: «Ընդհանուր քննարկումներ ենք ունեցել, բայց բովանդակային քննարկում չի եղել, քննարկումը եղել է այն մասին, որ կարողանանք կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում: Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և ես հուսով եմ, որ դրանք կպահպանվեն: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք արդյունավետ լինեն»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ