13 09 2018

ՀՀ-ից Իսրայել ժամանողների համար վիզային ռեժիմը կարող է չեղարկվել

ՀՀ-ից Իսրայել ժամանողների համար վիզային ռեժիմը կարող է չեղարկվել

Իսրայելի ԱԳՆ-ում սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել հանդիպում Իսրայելի Տարածաշրջանային Համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի և Երուսաղեմի Հոգևոր պետերի միջև։

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Սուրբ Երկիր քրիստոնյա համայնքներին հուզող հարցեր, մասնավորապես Քնեսետում շրջանառվող եկեղեցապատկան կալվածքների վերաբերյալ օրենքի նախագիծը և եկեղեցապատկան կալվածքներից հարկեր գանձելու Երուսաղեմի քաղաքապետարանի որոշումը:

Ցախի Հանեգբին փոխանցել է, որ օրինագիծը հետ է կանչվել և այն չի դրվելու քննարկման: Հավանաբար նոր օրինագիծ կմշակվի, որը չի վտանգի եկեղեցապատկան կալվածքները:

Հարկեր գանձելու վերաբերյալ Հանեգբին հայտարարել է, որ ստեղծվում է երկխոսության ֆորում այս հարցի քննարկման համար: Այս հարցի շուրջ արդեն Իսրայելը բանակցում է Վատիկանի հետ և հավանաբար 2019թ. կստորագրվի համաձայնագիր և այդ համաձայնագրի նմանությամբ կստորագրվի նաեւ համաձայնագիր Սուրբ Երկրի քրիստոնյա մյուս համայնքների հետ:

Պատրիարքության ներկայացուցիչները հանդիպմանը բարձրացրել են նաև Հայաստանից ժամանող ուխտավորների վիզայի դրության չեղարկման հարցը, որին Հանեգբին դրական է արձագանքել։

Նշենք, որ հանդիպմանը Հոգեւոր առաջնորդներից ներկա են եղել հունաց Պատրիարքը, Սուրբ Երկրի Քուստոսը, իսկ Հայոց Պատրիարքարանը ներկայացրել են Կալվածոց տեսուչ Հոգշ. Տ. Պարետ Ծ. Վրդ. Երէցյանը եւ Դիվանապետ Հոգշ. Տ. Կորյւն Վրդ. Բաղդասարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ