10  09  2018

Փաշինյան-Պուտին հանդիպման հարցերի առաջին խմբաքանակը․ 168․am

Փաշինյան-Պուտին հանդիպման հարցերի առաջին խմբաքանակը․ 168․am

Փաշինյան-Պուտին հանդիպումը, ինչպես ավելի վաղ արդեն ներկայացրել էինք, բավական ընդգրկուն է եղել՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործ, ՀՀ կառավարության գործողությունների արդյունքում ՀԱԿՊ վարկաբեկման գործընթաց, Ադրբեջանի՝ դիտորդի կարգավիճակում ՀԱՊԿ անդամակցության հարց, և այլն։ Դրան գումարվեց նաև մինչ այցը ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում հետախուզում էր հայտարարվել, գրում է 168․am-ը։

Հիշեցնենք, որ ի պատասխան ՀՀ ոստիկանության այդ գործողությունների, օրեր առաջ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցից առաջ ՀՀ ոստիկանությունը Ռուսաստանից գրություն էր ստացել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղյալ համարելու մասին:

Օրակարգի քննարկման հարց էր դարձել նաև օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «հայ-ռուսական համատեղ հումանիտար նախագիծը», որն ըստ նրա՝ աննախադեպ է նորանկախ պատմության մեջ: «Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել»,- հայտարարել էր Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հայաստանյան ԶԼՄ-ները նրա այդ հայտարարությունից հետո տեղեկացրեցին, որ «հումանիտար համագործակցություն» անվան տակ նախատեսվում է հայկական զորքի ներգրավում Սիրիայում՝ ռուսական դրոշի ներքո, սակայն խոսքը ոչ թե մարտական ջոկատի, այլ ռազմական մասնագետների մասին է ՝ սակրավորներ, կապի մասնագետներ, ռազմական բժիշկներ:

168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ընթացքում հասկացվել է, որ Միքայել Հարությունյանի նկատմամբ Հայաստանի ներպետական հետապնդմանը պատասխանելու են ՌԴ ներպետական իրավունքով, և նրա հանձնման թեման փակ է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցով թեման ժամանակավորապես հետաձգել են՝ կմտածենք-կասենք սկզբունքով, բայց ակնհայտ դժգոհել են: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով դժգոհություն է արտահայտվել հայկական կողմի նման մոտեցումից: Անվտանգության խորհրդի քարտուղարի հարցով հասկացրել են, որ Արմեն Գրիգորյանին չվստահելու պատճառով այլևս չեն աշխատելու: Գազի սակագինը նոյեմբերին նորից քննարկվելու է: Չեն բացառել, որ այն կարող է բարձրանալ: Ի դեպ, ռուսական կողմը դժգոհություն է արտահայտել Փաշինյանի շրջանակի հակառուսական «բանակից»:

Ի դեպ, ռուսական վերլուծաբանները նաև չեն մոռացել ՀՀ սփյուռքի փոխնախարարի «Putin go Fuck yourself» ցուցապաստառը, որի համար նույնիսկ ներողություն չեն խնդրել:

Ինչևէ, առաջիկայում ավելի նոր մանրամասներ կստացվեն Փաշինյան-Պուտին «փայլուն» հանդիպումից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ