17 08 2018

Քաղաքական հետապնդումը Հայաստանում շարունակվում է. Անդրիաս Ղուկասյան

Քաղաքական հետապնդումը Հայաստանում շարունակվում է. Անդրիաս Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը և ժամանակավոր կառավարությունը պետք է վերանայեն իրենց գործունեությունը, քանի որ հակառակ պարագայում ավելի խոցելի կդառնան։ Այս մասին օգոստոսի 17-ին հայտարարեց «Հայաստանի կառուցողական կուսակցության» նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Քաղաքագետը պնդեց, որ ավելի կարճ ժամկետներում պետք էր անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իսկ նման երկար անցումային շրջան սահմանելով՝ ժամանակավոր կառավարությունը բարձրացրեց Սերժ Սարգսյանի դերը։

«Այսպիսի պայմաններում անհրաժեշտություն է նորից փողոց դուրս գալը և այսօր Նիկոլ Փաշինյանը վարչապետի կեցվածքից խնդիր ունի վերադառնալու շարժման ղեկավարի կեցվածքին, այդ դերում փորձի մարդկանց համախմբել, քանի որ եթե գործադիր իշխանությունը չի հենվում օրենսդիր իշխանության վրա, պետք է հենվի ժողովրդի վրա»,– ասաց նա։

Անդրիաս Ղուկասյանը շեշտեց՝ եթե հեղափոխական ժողովրդական ուժը հետևողական չի և թողնում է, որ հին կառույցները գործեն, թուլացնում է հանրային և միջազգային աջակցությունը. «Միջազգային հարթակներում ժամանակավոր կառավարության սպասելիքները չարդարացան, որովհետև այստեղ Հայաստանը շարունակում են խորհրդարանի ՀՀԿ–ական պատգամավորները ներկայացնել»։

Նա ընդգծեց, որ քրեական հետապնդումը Հայաստանում շարունակվում է.

«Չնայած ՔՊ–ի կողմնակիցները սուր են քննադատությանը արձագանքում, սակայն իմ դեմ սարքված քրեական գործը շարունակվում է, նման գործերը չեն վերանայվել։ ՀՔԾ–ում, Քննչական կոմիտեում և ԱԱԾ–ում քննիչները, որոնք շինծու գործեր էին սարքում իմ ու ռեժիմի դեմ պայքարող մյուս գործիչների դեմ, շարունակում են պաշտոնավարել ժամանակավոր կառավարությունում։ Այս պարագայում Ռոբերտ Քոչարյանը կարող է իրեն քաղբանտարկյալ ներկայացնել»,– եզրափակեց քաղաքագետը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ