02 08 2018

ՀՀ-ին 100 մլն դոլարի ռուսական զենքի մատակարարումը հարցականի տակ է դրվել. «Коммерсантъ»

ՀՀ-ին 100 մլն դոլարի ռուսական զենքի մատակարարումը հարցականի տակ է դրվել. «Коммерсантъ»

ՀՀ նոր իշխանությունների կողմից նախկին ղեկավարներին հետապնդելը Մոսկվա-Երևան հարաբերություններում տարաձայնություններ է մտցրել, և վեճը կարող է ավելի խորանալ: «Коммерсантъ»-ի՝ ՌԴ պետական կառույցների աղբյուրների տեղեկություններով՝ ռուսական կողմին հատկապես վրդովեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ մեղադրանք առաջադրելը, ինչն ընկալվել որպես լուրջ հարված ռազմական դաշինքի հեղինակությանը: Ռուսաստանում չեն բացառում, որ ՀԱՊԿ-ն կարող է գլխավորել այլ երկրի ներկայացուցիչ: Բացի այդ, հարցականի տակ են հայտնվել 100 միլիոն դոլարի զենքի մատակարարումները ՀՀ-ին: Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության 2 ձեռնարկությունների թոփ մենեջերների հաղորդմամբ՝ պայմանագրերի երկրորդ փաթեթի իրականացումը, որով Հայաստանը պետք է 100 միլիոն դոլարի չափով վարկ ստանար, այժմ «մեծ հարցականի տակ է»:

Ինչպես հաղորդվում է, ի տարբերություն ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել, բայց Երևանը չի նախազգուշացրել ՀԱՊԿ-ի իր գործընկերներին, որ գլխավոր քարտուղարի դեմ կարող են առաջադրվել մեղադրանքներ: ՀԱՊԿ կառույցներին մոտ կանգնած աղբյուրը ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում չի բացառել, որ «Խաչատուրովին և ամբողջ կազմակերպությանը վարկաբեկելու փորձը նախաձեռնել են ոչ տարածաշրջանային խաղացողներ»: Դեռևս պարզ չէ՝ ինչ կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հաղորդել է, որ միջնորդություն է ուղարկել ՀՔԾ՝ խնդրելով համաձայնություն տալ երկրից իր պաշտպանյալի դուրս գալուն, քանի որ «նա գլխավորում է միջազգային կազմակերպություն և մի շարք պարտավորություններ ունի»:

Բայց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը օգոստոսի մեկին «Коммерсантъ»-ին հայտնել է՝ Երևանից ՀԱՊԿ քարտուղարություն է արդեն ուղարկվել Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացի մեկնարկի մասին դիմումը: ՀԱՊԿ-ի գլխավոր գրասենյակում, սակայն, հավաստիացրել են, որ Երևանից ոչ մի թուղթ չեն ստացել: Ամեն դեպքում, հնարավոր կադրային փոփոխության մասին հարցը լուծվելու է նոյեմբերի 8-ից ոչ շուտ, երբ հավաքվում է ՀԱՊԿ բարձրագույն մարմինը՝ Հավաքական անվտանգության խորհուրդը:

ՌԴ պետական կառույցների աղբյուրները, սակայն, արդեն հիմա հասկացնում են՝ ստեղծված իրավիճակում ՀՀ նոր թեկնածուի հաստատման դեպքում ավտոմատ մեխանիզմ չի լինելու: Ինչպես հաղորդել է ԶԼՄ-ի՝ ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած զրուցակիցը, հայկական կողմի քայլերը մեծ վնաս են հասցնում միջազգային կազմակերպության հեղինակությանը, և «տարօրինակ է, որ նրանք դա չեն հասկանում»: Եթե գլխավոր քարտուղարի պաշտոնին Հայաստանի նոր թեկնածուն չհաստատվի, այբբենական կարգով հաջորդ թեկնածությունն առաջադրելու իրավունքը կանցնի Բելառուսին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ