24 07 2018

Առանց որևէ ռազմավարության էլ հիանալի են զգում իրենց. «Հայոց Աշխարհ»

Առանց որևէ ռազմավարության էլ հիանալի են զգում իրենց. «Հայոց Աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ինչո՞ւ ներկայիս իշխանությունը երբևէ չի հասնի հաջողության։ Որովհետև չի գործում ճապոնացիների հանգույն։ Երբ նրանք փայտե տաճար են կառուցում, ապա կողքին անպայման պուրակ են տնկում։ Եվ ահա, երբ տաճարը խարխլվում է, տեղում կառուցում են նորը՝ այդ պուրակի ծառերից, հավերժական նորացման հայեցակարգի շրջանակներում։

Հանգստյան օրերին բոլոր հեռուստաալիքներն անդադար պտտեցնում էին վարչապետի մամլո ասուլիսը, որ նա տվել էր ուրբաթ օրը։ Երկու ժամվա ընթացքում շատ բաների մասին էր խոսվել։ Բայց մի թեմա, և մեր կարծիքով՝ ամենակարևորը, շրջանցվեց. երկրի զարգացման ռազմավարությունը։ Միայն համոզվածություն, թե մենք ապրում ենք «Նոր Հայաստանում», հետևաբար հպարտ քաղաքացիներին սպասում է երջանիկ ապագա...

Լավ, «բացահայտումներ», պայքար կոռուպցիայի դեմ. հասկանալի է, այդ մասին լսում ենք արդեն մի քանի ամիս շարունակ։ Իսկ ե՞րբ ենք անդրադառնալու երկրի զարգացման ռազմավարությանը...

Վարչապետն ասում է, թե ուզում է հզոր տեսնել «Նոր Հայաստանը»։ Հզոր էր Երրորդ ռեյխը, հզոր է ներկայիս Գերմանիան. ինչի՞ մասին եք խոսում։ Բոլորն ուզում են տեսնել Հայաստանը բարգավաճ։ Բարգավաճ էր Քսերքսեսի տերությունը, բարգավաճում է մերօրյա Սինգապուրը. դուք ի՞նչ նկատի ունեք։

Ռազմավարական խնդիրների (իսկ երկրի ցանկալի ապագան և դրան հասնելու ուղիները հենց ռազմավարություն են, որ կան) հանդեպ իշխանության անտարբերությունը չի նշանակում քաղաքացիների անտարբերություն դրանց նկատմամբ։ Հակառակը, կարծում ենք, որ հասարակական հետաքրքրությունը երկրի զարգացման ուղղության, այն հարցի հանդեպ, թե ինչ կլինի նրա հետ (և մեր ամենքիս), աճում է։ Չպատասխանել այս խնդրին, նշանակում է՝ պատասխանել դրան ամենասարսափազդու ձևով…

Հուսալ, թե մեզ երբևէ կներկայացնեն երկրի զարգացման ռազմավարությունը, միամտություն է։ Ո՞վ պիտի մշակի այդ ռազմավարությունը։ Նախարարական աթոռներին բազմած երեկվա փողոցային ակտիվիստնե՞րը։ Նրանք առանց որևէ ռազմավարության էլ հիանալի են զգում իրենց»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ