12  07  2018

ՊԵԿ նախագահի պատասխանը՝ կադրային քաղաքականությանն ուղղված հանրային քննադատությանը

ՊԵԿ նախագահի պատասխանը՝ կադրային քաղաքականությանն ուղղված հանրային քննադատությանը

ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն արձագանքել է ֆեյսբուքում հնչող քննադատությանը, թե ՊԵԿ համակարգ են վերադառնում կոռումպացված կադրերը և նշանակումներ են արվում ծանոթությունների միջոցով: Օգտատերերը ՊԵԿ-ի մի շարք պաշտոնյաների անուններ են նշել, որոնք այս կամ այն կերպ կապեր ունեն նախկին իշխանությունների հետ։

Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան էջի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Սովորաբար աշխատում եմ չարձագանքել սոցկայքերում հրապարակված՝ ՊԵԿ այս կամ այն պաշտոնյայի վերաբերյալ հանրային պոռթկումներին ու տեսակետներին, քանի որ կարծում եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։

Այնուամենայնիվ, Ձեր գրառումներին որոշեցի արձագանքել, քանի որ անկեղծ հիասթափություն զգացի Ձեր խոսքերում, որոնք, կարծում եմ առաջացել են Ձեզ հասանելի ոչ ճիշտ կամ չափազանցված տեղեկատվության հիման վրա։ Կփորձեմ անդրադառնալ դրանցից մի քանիսին․

1. Կարեն Կարապետյան. Ձեր մատնանշված տեղեկատվությունը չափազանցված է, այնուամենայնիվ, դրանում պարունակվող որոշակի դրվագների և այլ փաստերի հիման վրա ներկայումս հարուցված է ծառայողական քննություն, որի արդյունքում կկայացվի համապատասխան որոշում․

2. Ռաֆիկ Մաշադյան. Մաշադյանի ունեցվածքի վերաբերյալ Ձեր տեղեկատվությունը, մեղմ ասած, չափազանցված է, իսկ ինչ վերաբերում է Մաշադյանի կնոջ հետ ունեցած իմ բարեկամական կապերի մասին տեղեկատվությանը, այն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Մաշադյանը Տամոժնի Գագոյի սանիկը չէ․

3․ Սամվել Իսախանյան. Սամվել Իսախանյանը հանդիսանում է իմ խորհրդականը, չի հանդիսանում կամ հանդիսանալու նախաբացթողումային վարչության պետ (եթե որոշվի այդ վարչությունը վերաբացել)․

4. Սամվել Սանամյան. Սանամյանն իմ նշանակվելուց օրեր հետո հեռացել է համակարգից․

5․ Թելման Ասատրյան. Ասատրյանի քավորը իր բանակային ընկերն է (Գառնիկ Համբարձումյան)․

6․ Արա Գաբրիելյան. Գաբրիելյանի հետ ԱՄՆ-ում պատահած ավելի քանի 15 տարվա վաղեմություն ունեցող միջադեպը, եթե լուրջ քրեական հանցագործություն լիներ, հավատացեք, նրա կյանքը այլ կերպ կդասավորվեր այն պարզ պատճառով, որ ԱՄՆ-ի դատաիրավական համակարգը աչքի է ընկնում իր «անխափան» աշխատանքով։

Այս ճշգրտումներն իմ կողմից Ձեզ ներկայացնելու հիմնական նպատակը Ձեր մոտ առաջացած հիասթափության նշույլները վերացնելն է։

Հավատացեք, որ ներկայումս մենք ՊԵԿ-ում ձևավորում ենք մարդկային գործոնից կախում չունեցող՝ բիզնես պրոցեսների հիման վրա ավտոմատացված համակարգեր, որոնք հնարավորություն են ընձեռելու մեզ կայացնել այնպիսի համակարգ, որը լիելու է գործուն, թափանցիկ և վայելելու է հանրության վստահությունը։

Այսօր համակարգը փորձառու կադրերի հետ մեկտեղ համալրվում է երիտասարդ պայծառ ու լուսավոր մասնագետներով՝ աստիճանական և տրամաբանական սերնդափոխություն իրականացնելու հստակ նպատակադրմամբ։ Հավատացեք մեզ ու մեր ջանքերին, քանի որ այս տեսլականի իրականացման հեռանկարով ենք մենք յուրաքանչյուր օր արթնանում և օրվա 14-16 ժամը նվիրում դրա իրագործմանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ