12  07  2018

Համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում են կազմակերպել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև: Հանդիպման արդյունքներով հրապարակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցել է հանդիպմանը: Սա այս ձևաչափով կողմերի միջև առաջին բարձր մակարդակով հանդիպումն էր Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններից ի վեր: Ինչպես նշվում է հայտարարությունում, նախարարները փոխանակվել են ԼՂ խնդրի շուրջ տեսակետներով և քննարկել հետագա քայլերն ու բովանդակալից բանակցությունները վերսկսելու պարամետրերը: Կողմերը քննարկել են ապագա հանդիպումների համար մի շարք հարցեր, այդ թվում՝ վստահության ամրապնդման հետ կապված քայլեր:

Համանախագահներն ընդգծել են լարվածությունը նվազեցնելու և հրահրող հռետորաբանությունից խուսափելու կարևորությունը: Նրանք նաև վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին օգնելու իրենց հանձնառությունը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ուժի կամ սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համաձայն: Նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում համանախագահների հովանու ներքո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ