26 06 2018

Կարեն Կարապետյանը կլքի ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնը

Կարեն Կարապետյանը կլքի ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնը

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը լքելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Հունիսի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ես այդ որոշումը շատ նորմալ եմ գնահատում: Կարեն Կարապետյանը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում` լինել առաջին տեղակալ, թե չլինել: Ես հարգանքով եմ վերաբերում Կարեն Կարապետյանի որոշմանը»,- ասաց Շարմազանովը:

Նա նաև նշեց, որ առաջիկայում ՀՀԿ խորհրդի նիստում կորոշվի, թե ով է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում փոխարինելու Կարեն Կարապետյանին:

Անդրադառնալով հարցին, թե սա փախուստ չէ՞ ՀՀԿ-ից, Շարմազանովը պատասխանեց. «Ոչ, սա փախուստ չէ: Նա` որպես կուսակցության առաջին տեղակալ, գտնում է, որ քաղաքական այս իրավիճակում ինքն այնքան էլ ակտիվ չէ, գտնում է, որ արդար չէ, որ, չլինելով ակտիվ քաղաքական գործընթացներում, մնալ այդ պաշտոնին»:

Նա հավելեց, որ Կարեն Կարապետյանի կողմից ՀՀԿ-ն լքելու որոշում այս պահին չկա, նման խոսակցություն չի եղել: Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ի դեմքն էր, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին ՀԱԿ-ի դեմքն էր, բայց նա հետո հիմնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ