12  06  2018

Նիկոլ Փաշինյանի քայլը Արմեն Ռուստամյանին հիշեցրել է ստալինյան ժամանակները

Նիկոլ Փաշինյանի քայլը Արմեն Ռուստամյանին հիշեցրել է ստալինյան ժամանակները

Բոլորս հարգանքով պետք է մոտենանք միմյանց տեսակետներին: Այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի միջև ծավալված բանավեճին:

Հիշեցնենք՝ Արծվիկ Մինասյանը դեմ լինելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, ստիպված եղավ կողմ քվեարկել կառավարության՝ հուլիսի 1-ից այդ համակարգը բոլորի համար ներդնող որոշմանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե դեմ կարծիք չի հանդուրժի:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ նախարարը ներկայացրել է ՀՅԴ մոտեցումը, որը հայտնի է եղել բոլորին:  «Սա կապված է ոչ միայն կոնկրետ իշխանության նկատմամբ ունեցած վստահության կամ անվստահության հետ, այլ մեր դիրքորոշման: Մենք ընկերվարական կուսակցություն ենք և մերժում ենք կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Մենք կողմ ենք սերունդների համերաշխության սկզբունքին, մենք կարծումենք, որ գոյություն ունի սեփականության իրավունք, և սեփականությունը տնօրինողը սեփականատերն է, և երրորդ պատճառը, թե ինչու ենք մենք դեմ կուտակային պարտադիր համակարգին, այն է, որ մենք չենք կարծում, որ ժողովրդի սոցիալական վիճակն այնքան լավ է, որ կան հավելյալ միջոցներ, որոնք կտրամադրվեն իր ապագայի համար»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ Հայաստանում կա հսկայական աղքատության մակարդակ, և մարդուն պարտադրել, որ ապագայի մասին է պետք մտածել՝ թողնելով այսօրվա խնդիրները, իրենց համար ընդունելի չէ: «Կառավարությունը միանձնյա որոշումներով չէ, որ պետք է առաջ գնա: Եթե կա տարակարծություն, ոչ մեկը չի կարող ստիպել, որ նա քվեարկի, որովհետև մեծամասնությունն այդպես է ուզում: Սա մեզ հին ժամանակներն է հիշեցնում: Մենք երբեք կողմ չենք եղել պարտադրանքով միաձայնության»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Ըստ Ռուստամյանի՝ նման մոտեցման պարագայում կառավարությունում պետք է վերացվի քվեարկությունը:

«Անիմաստ է քվեարկել, թե պետք է բոլորս միասին լինենք, որ ցույց տանք, որ մեկ թիմ ենք կամ պառակտում չենք մտցնում: Ամբողջ աշխարհը գնացել է քվեարկության տրամաբանությամբ, որովհետև ամեն մեկն իր ոլորտի պատասխանատուն է, վարչապետն էլ համադրում է, կառավարում է, չի փոխարինում կառավարությանը: Սուպերվարչապետությունից էինք խոսում, հիմա հենց հարցերի հարցը այն է, որ վարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ պետք է հստակ քայլեր կատարենք»,- ասաց Ա. Ռուստամյանը: Նա նշեց, որ նախապատրաստել նոր ընտրություններ նշանակում է լուծել նաև սուպերվարչապետության հարցը, ոստիկաննությունն, օրինակ, ավելի անկախ մարմին դարձնել, տեղափոխել կառավարության ենթակայության տակ:

Արմեն Ռուստամյանը հավելեց, որ կառավարությունում կարող են տարբեր տեսակետներ լինել, և իսկ քվեարկությունը պարտադիր է, և պետք չէ մտածել, որ սեփական տեսակետը պաշտպանել նշանակում է հակադրվել քաղաքականությանը: «Չկա համընդհանուր «ադաբրյայեմոստի» մթնոլորտում որևէ առաջընթաց, մենք տեսել ենք այդ ամենը, «ադաբրյայեմոստի» մեջ լավ բան չկա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ