16  05  2018

Ցուցարարները ներխուժեցին Երևանի քաղաքապետարանի շենք. Թարմացվում է. Լուսանկարներ

Ցուցարարները ներխուժեցին Երևանի քաղաքապետարանի շենք. Թարմացվում է. Լուսանկարներ

Երևանի քաղաքապետարանի դիմաց կրկին հավաքվել են քաղաքացիներ և պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչները նշում են, որ ՀՀԿ-ի հեռանալուց հետո պետք է հեռանան վարչակազմի բոլոր ներկայացուցիչները:

«Մերժում ենք Տարոնին» բողոքի ակցիայի մասնակիցներին հաջողվեց ներխուժել քաղաքապետարանի շենք:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար: «Հարգելի պրն Օսիպյան,  օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվողպետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք, խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։ Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»,- ասված է դիմումի մեջ:

Երևանի քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։ Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ոստիկանապետը հայտնել է, որ բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ։

***

Երևանի քաղաքապետարան այցելած ավագանու «ԵԼՔ»  խմբակցության նախկին անդամ Ալեն Սիմոնյանը մուտք գործեց Տարոն Մարգարյանի սենյակ: Այնուհետև դուրս եկավ և հայտարարեց, թե կամ Տարոն Մարգարյանը լքել է քաղաքապետարանի շենքը կամ նա շենք մուտք չի գործել:

***

Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի նոր ակցիա է մեկնարկել՝ «Մեր քաղաքապետը Տարոնն է» կարգախոսով:

***

18:45

Տարոն Մարգարյանն աշխատանքային օրվա ավարտին, երբ քաղաքապետարանի դիմաց մնացել էին միայն հանուն իրեն բողոքի ցույց անողները, մոտեցավ ցուցարարներին և շնորհակալություն հայտնեց, որ եկել-աջակցում են:

Հարցին, թե ինչո՞ւ այդքան ուշ եկավ, պատասխանեց, որ այլ վարչական շրջանում էր: Ասաց, թե միշտ լսել է թե բողոքողներին, թե գոհունակություն հայտնողներին:

«Ես դատապարտում եմ, հստակ երևում է, որ օրենքի խախտում է եղել, ներխուժել են և փորձել քաղաքապետարանի աշխատանքը խափանել: Կոչ եմ անում իրավապահ մարմիններին քայլեր ձերնարկել: Նման անօրինականությունները մենք չենք հանդուրժի: մյասնիկյանի արձանի հետևի այգու վերաբերյալ ուզում եմ հայտնել, որ այս այգին դեռ 10 տարի առաջ տրված էր վարձակալության: Մենք շնորհակալ ենք վարձակալից, որ հետ վերադարձրեց այգին, և Վարդանյան ընտանիքը բարեկարգում սկսեց: Երեք ամիս շարունակ բարեկարգում են:

Ուզում եմ վստահեցնել, որ այգին սրճարանային, առևտրային տարածք չի զբաղեցնելու:

Ինչ վերաբերում է ծառահատումներին, դրանք մասնագիտական եզրակացություններ են, և Վարդանյան ընտանիքն ամբողջ ծրագրի մեջ կանաչ տարածքի ավելացում կանի: Եթե ծառեր են կտրվել, մի քանի անգամ ավելի ծառեր են տնկվել:

Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գալիս է իշխանության, փորձի ճնշել տեղական ինքնակառավարման մարմիններին, ընտրովի մարմիններին»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ