20 04 2018

Ինչպե՞ս և ո՞ւմ բերման ենթարկեց ոստիկանությունը. Լուսանկարներ

Ինչպե՞ս և ո՞ւմ բերման ենթարկեց ոստիկանությունը. Լուսանկարներ

Բողոքի ցույցի մասնակիցները մայրաքաղաքի տարբեր հատվածներում երթեր են իրականացնում: Փակ է նաև Երևան-Աբովյան ճանապարհը: Այս ամբողջ ընթացքում Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել ցույցի մասնակիցներին: Նշենք, որ ժամը 17:00-ի դրությամբ, բերման ենթարկվածների թիվը 217 է:

Նշենք նաև, որ առավոտյան բերման էին ենթարկվել նաև Դավիթ Սանասարյանը, Նիկոլ Փաշինյանի որդին, լրագրող Տիրայր Մուրադյանը: Ավելի ուշ Ոստիկանությունից հայտնեցին, որ նրանք արդեն ազատ են արձակվել: Նկատենք նաև, որ քաղաքացիներին հիմնականում բերման են ենթարկում քաղաքացիական, առանց պետհամարանիշի մեքենաներով, ավտոբուսներով:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ ֆեյսբուքի իր էջում գրել է, որ քաղաքացիական զգեստներով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը. «Պայմանավորված Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից հասարակական կարգը խախտող խմբային գործողություններով, ոստիկանությունը ներկա պահին իրականացնում է ոչ միայն հասարակական կարգի պահպանության, այլև հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման, խափանման գործողություններ: Նշված գործողությունների ընթացքում ոստիկանությունը կարող է օգտագործել նաև այլ ուժեր:  Հայտարարում ենք, որ քաղաքացիական զգեստներով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը:  Հիշեցնում ենք, որ վերջին օրերին ոստիկանությունը հրապարակել է մեկ տասնյակից ավելի հայտարարություններ և հաղորդագրություններ, որոնք տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով: Մասնավորապես, բազմիցս նախազգուշացվել է, որ փողոցներ փակելը, երթևեկությանը խոչընդոտելը, ինչպես նաև այդպիսի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջները չկատարելը իրավախախտումներ են, որոնք կկանխվեն և կխափանվեն ոստիկանական հարկադրանքի միջոցներով: Ոստիկանությունը պարզաբանում է հավաքի իրավախախտ մասնակիցներին, որ ոստիկանության կողմից վերը հիշատակված բազմաթիվ նախազգուշացումները, կոչերը և հայտարարությունները դրանք հրապարակելու ուժով արդեն իսկ հանդիսանում են պաշտոնապես ներկայացված օրինական պահանջներ, որպիսի փաստի առկայությամբ՝ դրանց չկատարումը իրավաչափորեն հանգեցնելու է բացասական իրավական հետևանքների»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ