13  02  2018

Քաղաքապետարանում կրքերը դեռ չեն հանդարտվել

Քաղաքապետարանում կրքերը դեռ չեն հանդարտվել

Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկրտուքից հետո քաղաքապետարան ժամանեցին ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները: «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրականում նրանք  ոչ թե շտապօգնության, այլ հոգեբուժարանի աշխատակիցներ են: ՀՀԿ խմբակցության ավագանու անդամները հորդորում էին շտապօգնության աշխատակիցներին ստուգել «Երկիր Ծիրանի»-ի անդամների առողջական վիճակը, քանի որ, ըստ նրանց, ավագանու անդամներն անբնական պահվածք ունեն: Ավելի ուշ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են, որ տուժածներ կամ վատ ինքնազգացողություն ունեցող անձինք չկան:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն էլ լրագրողների հետ զրույցում պնդեց, որ ինքը որևէ բռնություն չի կիրառել ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ:

«Ես պարզապես խնդրել եմ և  օգնել, որ դուրս գա դահլիճից: Բռնի ուժի չի եղել, տեսանյութերը նայեք»: Ես ճիշտ չեմ համարում կանանց վրա ուժ կիրառելը, բայց այս պարագայում իմ արած բոլոր քայլերը և այն մարդկանց, ովքեր միջնորդել են, ուղղակի նպաստել են այդ մարդկանց դահլիճից հեռացնելուն»,-ասաց նա:

Իսկ Երևանի ավագանու նիստի ընդմիջմանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Նահապետյանը «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամների այսօրվա քայլը որակեց որպես հարձակում Տարոն Մարգարյանի վրա:

Ըստ Նահապետյանի՝ իր կուսակիցների կողմից կանանց բռնի ուժով հեռացնելը ճիշտ քայլ էր:

«Իսկ ի՞նչ պետք է անեին, դուք ի՞նչ կանեիք, եթե այդ ազոտային թթուն լցնեին իմ երեսին։ Ինքը դուրս չէր գալիս դահլիճից, թողնեինք, որ վերջնական լցներ մեզ վրա՞»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ