29  12  2017

Նախագահն այցելել է Կենտրոնական բանկ և արտգործնախարարություն

Նախագահն այցելել է Կենտրոնական բանկ և արտգործնախարարություն

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 28-ին մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:

Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ: Նախագահը շնորհավորել է նաև Երևանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին՝ խնդրելով նրանց իրենց գործընկերներին ևս փոխանցել իր բարեմաղթանքները: Տոնական ընդունելության ժամանակ նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների գործընթացում ունեցած ներդրման համար մի խումբ անձանց պարգևատրել է շնորհակալագրերով:

«Ամփոփելով 2017-ը՝ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս անցնող տարին ապագային միտված որոշումներով և արդյունքներով նշանավորելու համար։ Այս տարի ևս մեր դիվանագիտությունը կարողացավ հետևողականություն ցուցաբերել իր առջև դրված խնդիրների լուծման հարցում։ Հայաստանը շարունակեց հանդես գալ որպես վստահելի միջազգային գործընկեր, որ պատրաստ է տարբեր հարթակներում բաց համագործակցության, ընկալելի է իր ձգտումներով և կարողանում է համատեղել ամենատարբեր գործընկերների հետ հարաբերությունները։ 

Հաջորդ տարի մենք հյուրընկալելու ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը՝ մեր անկախությունից ի վեր թերևս իր ծավալով բարձր մակարդակի ամենաընդգրկուն միջոցառումը։ Մենք պետք է ամենայն լրջությամբ մոտենանք աշխարհի գրեթե կեսը միավորող այդ կառույցի գագաթնաժողովի հյուրընկալմանն ու նախագահությանը, ինչը գնահատում ենք մեր հանդեպ մեծագույն վստահության և համերաշխության դրսևորում։ Իհարկե, այդ միջոցառմանը ներգրավվելու են Հայաստանի պետական բոլոր կառույցները՝ անխտիր բոլոր կառույցները, բայց այդ աշխատանքի կազմակերպչական և քաղաքական բաղադրիչի առյուծի բաժինը ընկնելու է ձեր ուսերին: Եվ շատ բնական է, որ խնդրում եմ և պահանջում՝ ամենայն պատասխանատվությամբ մոտենալ այդ աշխատանքին: 

Անշուշտ, անցնող տարում եղել են նաև բացթողումներ ու անավարտ գործեր, որոնք առավել հանգամանորեն դեռ առիթ կունենանք քննարկելու արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ իմ առաջիկա հանդիպման ժամանակ: Ուստի, գալիք տարի մենք կթևակոխենք թերին շտկելու, կիսատ թողածն ավարտին հասցնելու և, իհարկե, նոր, կառուցողական և ստեղծագործական գաղափարներ կյանքի կոչելու հանձնառությամբ:  Մեր երկիրը գտնվում է ակտիվ բարեփոխումների շրջափուլում, իսկ ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունները դարձան մեր բարեփոխումների յուրատեսակ քննությունը: Մայր օրենքի փոփոխությամբ մենք ընտրեցինք երկարաժամկետ և կայուն զարգացման մոդել, որի վրա խարխսվելու է նոր սերնդի Հայաստանը:  2017 թվականի ձեռքբերումներից էր Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Սա լավագույնս վկայում է, որ հանձնառու, նպատակասլաց և հետևողական աշխատանքի պարագայում հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի։ 

Մեր հետևողական աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և Եվրասիական տնտեսական միությունում նույնպես դրական արդյունքներ է տվել, և մենք ակտիվ ներդրում ենք ունեցել մեր համար կենսական նշանակություն ունեցող այս կառույցների հետագա ամրապնդման գործում:  Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը մնում է մեր արտաքին և անվտանգության քաղաքականության օրակարգի առաջնագծում:

Անկախ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթացի բացակայությունից՝ մենք կարող ենք արձանագրել, որ շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն և ձեռք բերվեց պայմանավորվածություն լարվածության թուլացման վերաբերյալ:  Այս հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով. դա լավագույնս արտահայտված է թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների պատվիրակությունների ղեկավարների, թե՛ ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովի հայտարարություններում, թե՛ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում: 

Ջերմորեն շնորհավորում եմ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նաև, իհարկե, շնորհավորում եմ Երևանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին և խնդրում եմ նրանց՝ իրենց գործընկերներին փոխանցել իմ շնորհավորանքները:

Կյանքը, իհարկե, միօրինակ չէ, և կյանքում տեղ կա թե՛ դրականի և թե՛, ցավոք, բացասականի համար։ Ուստի 2018 թվականը մեր ժողովրդի և պետության համար թող լինի որքան հնարավոր է դրական՝ խաղաղության, զարգացման և առաջընթացի տարի՝ լի բավարարվածությամբ և ժպիտներով»,- ասել է նախագահը շնորհավորական խոսքում:

 

Կենտրոնական բանկում տեղի ունեցած ընդունելության մասին տեղեկատվությունը՝ այստեղ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ