27  12  2017

Էդուարդ Շարմազանովը՝ ներքին և արտաքին քաղաքականության, ընդդիմության և Սերժ Սարգսյանի՝ անփոխարինելի լինելու մասին

Էդուարդ Շարմազանովը՝ ներքին և արտաքին քաղաքականության, ընդդիմության և Սերժ Սարգսյանի՝ անփոխարինելի լինելու մասին

Դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպամ ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ամփոփեց անցնող տարին: Նա 2017-ը բնորոշեց որպես հագեցած և դրական տարի:

Ըստ Շարմազանովի, այս տարի անվտանգության, ներքին և արտաքին քաղաքականության զարգացման առումով ավելի շատ դրական իրավիճակներ կային, քան բացասական: Նախ և առաջ, ԱԺ փոխնախագահն ընդգծեց ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնք, նրա գանահատմամբ, հաջողված էին:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Շարմազանովը նշեց, որ այս տարին հոբելյանական էր Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների առումով:

«Ինչ վերաբերվում է ԵՏՄ-ին, ապա այն մեզ շատ լավ հնարավորություններ է տվել զարգանալու: Թվեր չեմ ներկայացնի, բայց տարին բավականին հուսադրող է, մենք լավագույնն ենք տնտեսական ցուցանիշներով, Հայաստանը տնտեսական ցուցանիշներով առաջ է ԱՊՀ երկրների շարքում: ԵՄ-ի հետ համաձայնագիրն էլ մեզ համար կարևոր նշանակություն ունի»,- նշեց Շարմազանովը:

Անցնող տարվա կարևոր իրադարձություններից էր ՄԱԿ-ի 72-րդ նստաշրջանը, մասնավորապես` այնտեղ Սերժ Սարգսյանի ելույթը:

«Ուղերձ համար մեկ՝ ցեղասպանությունը ոճրագործություն է քաղաքակիրթ մարդկության նկատմամբ, պետք է դատապարտվի, և եթե Թուրքիան շարունակի իր ժխտողական քաղաքականությունն ու շարունակի նախապայանններ թելադրել, մենք 2018-ի գարուն կթևակոխենք առանց դրանց: Թուրքիան ամեն ինչ անում է, որ մենք քաղաքական գարուն մտնենք առանց դրանց, դրա վառ ապացույցը Չավուշօղլուի վերջին հայտարարությունն է: Նախագահը նաև Արցախի խնդրին անդրադարձավ՝ նշելով, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի և պարտավոր է  իրականացնել աստվածատուր իր իրավունքը, և Արցախում զարգանում է ժողովրդավարությունը»,- ասաց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան մինչ օրս չեն գիտակցում, որ Արցախն ունի այդ իրավունքը, որ Արցախի քաղաքացիներն անկախացել են ոչ թե Ադրբեջանից, այլ ԽՍՀՄ-ից:

Շարմազանովը անդրադարձավ նաև վերջին ամիսների քաղաքական ամենակարեւոր հարցին՝ 2018թ.-ի ապրիլին ով է լինելու ՀՀ վարչապետը:

«Հայաստանում գործող քաղաքական գործիչներից ես չեմ ճանաչում երկրորդ գործիչ, որը կարողանա ավելի արդյունավետ իրականացնել արտաքին, անվտանգային մարտահրավերներին դիմակայումը, արդյունավետ լուծումներ տալը, քան  ՀՀ գործող նախագահը, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։  Եթե մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ապա ես համաձայն չեմ, կան։ ՀՀԿ յուրաքանչյուր անդամի համար պատիվ է լինել մի կուսակցության  ներկայացուցիչ, որի հրամանատարը Սերժ Սարգսյանն է։ Ինձ համար կրկնակի պատիվ է լինել հայրենիքի զինվոր, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը։ Պարոն նախագահը  շարունակելու է լինել ՀՀԿ քաղաքական առաջնորդը, մեր կուսակցությունում կա մեկ լիդեր։ Ես բոլորին շատ եմ հարգում, ընդունում եմ, բայց օբյեկտիվորեն այդպես է` և՛ Կարեն Կարապետյանի համար, և՛ ինձ համար, և՛ Վիգեն Սարգսյանի համար, և՛ Տարոն Մարգարյանի համար։ Մեր լիդերը Սերժ Սարգսյանն է։ Իսկ թե որ պաշտոնում կլինի, կլինի թե չի լինի, 2018 թ. կգա, կորոշենք»։

 Գնահատելով Խորհրդարանի և մասնավորապես ընդդիմության գործունեությունը՝ Շարմազանովը նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ունեն  կառուցողական ընդդիմադիր գործընկերներ: Շարմազանովը նշեց, որ գնահատում է այն գաղափարական բախումները, որ կան խորհրդարանում:

«Դա նորմալ է, այնպես չէ, որ մենք իդեալական ենք, ընդդիմությանն էլ պետք է խորհուրդ տանք: Մենք նախ պետք է տեսնենք մեր աչքի գերանը, հետո նոր` ընդդիմության աչքի փուշը: Պետք է երկուսով միասին ծառայենք ՀՀ-ին:»- խոսքը այսպես  եզրափակեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ