12  12  2017

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 30.000 եվրո և 28,642.87 ֆունտ ստերլինգ վճարել, իսկ Ադրբեջանին՝ 35.000 եվրո

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 30.000 եվրո և 28,642.87 ֆունտ ստերլինգ վճարել, իսկ Ադրբեջանին՝ 35.000 եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատը հրապարակել է նախադեպային «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով արդար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ վճիռը:

Հայցը ներկայացրել էր 2006թ.՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղահանված, Արցախի Շահումյանի շրջանի (Շահումյանի շրջանը 1992 թվականին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից) Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը: Հայցվորը, որը կյանքից հեռացել է 2009թ., նշել էր, որ իր տունը քանդել են և իրեն սեփական բնակավայրից բռնի արտաքսել:

Հայցվորը 374.814 եվրո փոխհատուցում էր պահանջել 1992թ. հունիսին Գյուլիստանից հարկադրաբար տեղահանվելու ու այնտեղ թողած ունեցվածքը հետ բերելու անկարողության համար: Նա նաև նշել էր, որ իրեն մի քանի անգամ մերժել են հայրենի գյուղ վերադառնալու ու այնտեղ թողած սեփականությունն օգտագործելու հարցում։

Հայտնի է, որ նրա մահից հետո, այրին ու երեխաները ճանաչվել են իրավահաջորդ:

Այժմ ՄԻԵԴ-ի մեծ պալատը վճռել է, որ Ադրբեջանը պետք է Մինաս Սարգսյանի զավակներին՝ Վլադիմիր և Ծովինար Սարգսյաններին, 35.000 եվրո վճարի՝ նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև դատական ծախսերի համար: Աղբյուրը մանրամասնում է, որ գումարը պետք է վճարվի վճռի կայացմանը հաջորդող 3 ամսվա ընթացքում:

Նշվում է, որ այս գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 1-ին, 8-րդ և 13-րդ հոդվածների խախտում։

 

ՄԻԵԴ մեծ պալատը հրապարակել է նաև նախադեպային «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը:

Նշվում է, որ Հայաստանի դեմ հայցը ներկայացվել է 2005թ.՝ Էլխան Չիրագովի, Ադիշիրին Չիրագովի, Ռամիզ Ջեբրայիլովի, Աքիֆ Հասանովի, Ֆեհրեդին Փաշաևի և Ղարաջա Ջաբրայիլովի կողմից: Նրանք եղել են Լաչինի բնակիչներ, սակայն 1992թ. ռազմական գործողությունների պատճառով փախել են այնտեղից՝ թողնելով իրենց ունեցվածքը ու հետագայում չկարողանալով ստանալ այն:

ՄԻԵԴ-ը, արձանագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք կետերի խախտումներ, որոշել է այս գործով անձանց տրամադրվելիք գումարային փոխհատուցման չափը։

Ըստ այդմ՝ Հայաստանը 3 ամսվա ընթացքում պետք է մի քանի միլիոն եվրո փոխհատուցում պահանջող հայցվորներին որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում 5.000-ական եվրո, ինչպես նաև դատական ծախսերի համար՝ 28,642.87 ֆունտ ստերլինգ վճարի (մոտ 32475 եվրո):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ