03  07  2017

Կաշառք, վարչական ռեսուրս. Գործոններ, որոնք ազդեցին ընտրությունների ելքի վրա

Կաշառք, վարչական ռեսուրս. Գործոններ, որոնք ազդեցին ընտրությունների ելքի վրա

Վերջին տարիներին հայաստանյան ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահումը շարունակում է մնալ լրջագույն խնդիր։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, 2017թ. խորհրդարանական ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահման և այլ ընտրախախտումների մոնիտորինգի արդյունքները ներկայացնելիս, ասաց. «Ընտրակաշառքը հիմնական դեր է խաղացել 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքների ձևավորման վրա: Մոնիտորինգի արդյունքներով՝ ամենատարածվածը եղել են ընտրակաշառք բաժանելու դեպքերը՝ 90, որից 37-ը արձանագրվել է լրատվամիջոցների, իսկ 53-ը՝ տեղական դիտորդների կողմից: Հիմնականում ընտրակաշառքը բաժանվում էր Հանրապետականի կողմից, կային նաև «Ծառուկյան» դաշինքի, «Հայկական վերածնունդի» վերաբերյալ նյութեր: Նորից եմ ասում՝ սա ամենատարածվածն է, և կարծես թե ընտրակաշառքն էլ իր դերը խաղաց ընտրությունների արդյունքների ձևավորման վրա»։

Երկրորդ հիմնական խախտումը աշխատանքային ժամերին պետական և համայնքային ծառայողների ներգրավվածությունն էր նախընտրական շտաբերի աշխատանքին: Այդպիսի 59 դեպք է արձանագրվել: «Վարչական ռեսուրսին տիրապետում են իշխանության մեջ գտնվող ուժերը»,- ասաց Հոկտանյանը՝ նշելով, որ ՀՅԴ-ն քիչ է օգտագործել վարչական ռեսուրս:

Երրորդ ամենամեծ խախտումների բաժինը մանկապարտեզների ու բուժական հաստատությունների աշխատակիցների վրա ներազդումն է, ճնշումներն ու շտաբի աշխատանքներին մասնակից դարձնելը: «Կրթական, բուժսպասարկման ոլորտի աշխատակիցների վրա եղած ներազդումների եւ ճնշումների 53 դեպք է գրանցվել։ 36 դեպք կա, երբ վերադասը ստիպել է մասնակցել շտաբերի աշխատանքներին կամ քվեարկել այս կամ այն անձի օգտին»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ