29 01 2024

Կառավարությունը փաստաբանների հարկային բեռը ավելացնելու նախագիծ է ներկայացրել

Կառավարությունը փաստաբանների հարկային բեռը ավելացնելու նախագիծ է ներկայացրել

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թվականի հոկտեմբերի 01-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն, այսինքն` կրկնապատկվել է շրջանառությունից առաջացող հարկային բեռը, իսկ արդեն 2025 թվականի հունվարի 01-ից նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում: Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։

 «Նախագծի համաձայն` փաստաբանական ծառայություն մատուցող սուբյեկտները 2025 թվականի հունվարի 01-ից հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում փաստաբանական ծառայություն մատուցողները վճարելու են նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս, և որը հաշվարկվում է հարկվող շահույթից` հարկային տարվան վերագրվող համախառն եկամտի և նվազեցումների (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ) տարբերությունից:

Նախագծով հարկման դաշտում իրավաբանական օգնության տրամադրելուն ուղղված իրավապաշտպան փաստաբանական գործունեությունը հավասարեցվում է խաղատների, շահումով խաղերի (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի), վիճակախաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի, գործունեության հետ:

Միաժամանակ, նախագծի կիրառման արդյունքում, փաստորեն, սահմանափակվելու է քաղաքացիներին անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը մասնավոր դաշտում գործող փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների կողմից:

Նախագծի կարգավորումները խնդրահարույց են և անընդունելի:

Ակնհայտ է, որ Նախագծի ընդունման դեպքում իրավապաշտպան գործունեություն իրականացնող փաստաբանների հարկային բեռը ներկայիս համեմատ կտրուկ և անհամաչափ աճելու է, ինչը հանգեցնելու է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքի զգալի աճին:

Արդյունքում, նվազելու է իրավաբանական օգնության հասանելիությունը հատկապես քաղաքացիների համար», - նշված է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ