30 12 2023

Իրանը փորձում է ամրապնդվել Հարավային կովկասում. Արմեն Պետրոսյան

Իրանը փորձում է ամրապնդվել Հարավային կովկասում. Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

 Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի, անցկացրած հանդիպումների համատեքստում կարելի է առանձնացնել մի շարք կարևոր արձանագրումներ։ 1. Իրանը փորձում է առավելագույնս օգտվել տարածաշրջանային նոր իրողություններից և ամրապնդել սեփական դիրքերը Հարավային Կովկասում։ Մասնավորապես, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում խորացող խնդիրները, դրանով նաև Ռուսաստանի ազդեցության նվազումն ամբողջ տարածաշրջանում, Իրան-ԵԱՏՄ համագործակցության խորացումը, Թուրքիայի շարունակվող միակողմանի աջակցությունն Ադրբեջանին և Հայաստանի նկատմամբ չդադարող երկկողմ սպառնալիքները, Արևմուտքի դիրքերի ամրապնդման քայլերը Վրաստանում առաջացրել են քաղաքական ազդեցության որոշակի վակուում նաև մեր տարածաշրջանում, որի համար փորձում է պայքարել նաև Իրանը։ 2. Տարածաշրջանում ամրապնդվելու համատեքստում առաջին հերթին տարածաշրջանային մրցակիցների՝ Ռուսաստանի, Թուրքիայի հետ մրցակցությունը կառավարելու նպատակով Իրանն առաջ է մղում «3+3» ձևաչափը՝ որպես տարածաշրջանային խնդիրների կարգավորման համար ամենաբարենպաստ միջավայր։ Դրանով Թեհրանը, բնականաբար, փորձում է կանխել իր համար ռազմավարական նշանակության մեկ այլ խնդիր՝ սեփական հարևանությամբ Արևմուտքի դիրքերի մարապնդման նպատակային ջանքերը։ 3. Հայաստանում ազդեցության աճի նպատակով Իրանը փորձում է կիրառել փափուկ ուժն ու քաղաքական հռետորաբանությունը՝ բարձրաձայնելով տևական ժամանակ կանգնեցված էներգետիկ նախագծերի իրականացման, ենթակառուցվածքների կառուցման մասին, հերթական անգամ ընդգծելով Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը և այլն։ Աշխարհում և տարածաշրջանում շարունակվող և ավելի ու ավելի խորացող դիմակայություն/մրցակցությունը նոր մարտահրավերներ, բայց նաև հնարավորություններ է ստեղծում գրեթե բոլոր դերակատարների համար։ Որոշները կարողանում են օգտվել ստեղծված իրավիճակից, որոշները՝ տանուլ տալիս։ Իրանի դեպքում՝ Մերձավոր Արևելքում վերջին շրջանում ազդեցության նվազում արձանագրող Իրանը փորձում է ամրապնդվել Հարավային կովկասում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ