17  06  2017

Ադրբեջանը պատասխան կստանա

Ադրբեջանը պատասխան կստանա

Պաշտոնական այցով Արցախում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է հունիսի 16-ին հակառակորդի կրակոցներից երեք հայ զինծառայողի զոհվելուն:

«Արցախում եմ։ Ցավով տեղեկացա Արցախի սահմանին, ժամեր առաջ, ադրբեջանական զինված ուժերի կողմից հերթական լկտի սադրանքի հետևանքով երեք երիտասարդների՝ Արայիկի, Վիգենի և Վարդանի զոհվելու մասին։ Բաքվի ռեժիմի իրականացրած այս գործողությունը որակում եմ որպես սպանություն։

Ցավակցում եմ զոհված տղաների հարազատներին, ընկերներին։ Վիշտը բոլորինս է… Տղաներն իրենց կյանքը տվեցին հայրենիքը պաշտպանելիս։ Հավերժ փառք մեր մարտիկներին…

Արցախյան հանդիպումների ընթացքում մշտապես խոսել ենք միասնականության մասին։ Որևէ սադրանք չի կարող մեզ հետ պահել մեր նպատակներից։ Ադրբեջանի իշխանությունների կեցվածքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեծ գործ ունենք անելու՝ հետևողականորեն համադրելով մեր ջանքերը։

Ադրբեջանական կողմն իմանալով, որ հերթական սադրանքն անպատիժ չի մնալու, պահի քաղաքական քմահաճույքը նորից ավելի բարձր դասեց մարդկային կյանքերից։

Հ.Գ. Անհասկանալի է, որ դեռևս չկա որևէ արձագանք միջազգային գործընկերներից»։

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ կատարվածը համարում է ահաբեկչություն՝ նշելով. «Սա անպատասխան չի մնալու, մենք գործ ունենք ահաբեկչական երկրի հետ»:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից կրակել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը և Վարդան Ծովակի Սարգսյանը: Երեք զինծառայողներն էլ 20 տարեկան են:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Վարդան Սարգսյանը, Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։

Համաձայն news.am-ի՝ հակառակորդի կրակոցի հետևանքով նաև երկու զինծառայող վիրավորում է ստացել, ինչի մասին Պաշտպանության բանակը լռում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ