26 12 2023

Երևանի քաղաքապետարանի աշխատավարձի ֆոնդը կկազմի 270 միլիոն 323 հազար դրամ

Երևանի քաղաքապետարանի աշխատավարձի ֆոնդը կկազմի 270 միլիոն 323 հազար դրամ

Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների կազմը և հաստիքացուցակները կփոփոխվեն: Հարցը ներառված է Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 26-ի նիստի օրակարգում:

Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միլենա Այդինյանը նշեց, որ ներկայումս աշխատակազմը բաղկացած է 787,5 հաստիքից, իսկ աշխատավարձի ֆոնդը կազմում է 263 միլիոն 478 հազար 245 ՀՀ դրամ: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում հաստիքների թիվը նախատեսվում է սահմանել 812 միավոր, իսկ ամսական աշխատավարձի ֆոնդը՝ 270 միլիոն 323 հազար 445 ՀՀ դրամ:

Ըստ Այդինյանի՝ փոփոխությունները միտված են կառուցվածքային որոշ ստորաբաժանումների միավորմանը կամ կրճատմանը, գործառույթների վերաբաշխմանը, հաստիքների հնարավորինս օպտիմալացմանը, որոշ դեպքերում՝ նոր հաստիքների ավելացմամբ: Կրճատվում են այն ստորաբաժանման գործավարները, որոնց թվաքանակը պակաս է 20-ից:

Առաջարկվում է սահմանել առանձին գործառույթների իրականացման խորհրդատուների ևս 15 միավոր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ աշխատանքների իրականացման փուլում անհրաժեշտություն է առաջանում ներգրավել նեղ մասնագիտական կրթություն ունեցող  մասնագետների: Այսպիսով՝ առանձին գործառույթների իրականացման խորհրդատուների գործող 5 հաստիքային միավորին կավելանա ևս 15 հաստիքային միավոր: 15 խորհրդատուները պետք է ավելի ինտենսիվ կերպով ներգրավվեն նեղ մասնագիտական կրթություն, փորձ, հմտություն պահանջող գործառույթների իրականացմանը:

Առևտրի և ծառայությունների վարչությունը (20 հաստիք) կմիավորվի Արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը (15 հաստիք)՝ ստեղծելով Առևտրի ծառայությունների և գովազդի վարչություն: Նոր ստեղծված վարչության հաստիքների թիվը կլինի 23:

Կկրճատվեն Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի, նրա օգնականի հաստիքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդիվ ընդունված օրենքներից մեկով արդեն իսկ հանվել են ճարտարապետի պարտադիր առկայության դրույթները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ