23 11 2023

Վերադարձի մասին խոսելիս պետք է ծրագիր ունենալ, իսկ մինչ այդ՝ Արցախի պետականություն. Աշոտ Ղուլյան



Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի գնահատմամբ՝ եթե Արցախից բռնի տեղահանված արցախահայության՝ Արցախ վերադառնալու մասին են խոսում, ապա դա անպայման պետք է ինչ-որ ծրագրի տեսքով լինի։ Սակայն դրա համար անպայման պետք է ունենալ Արցախի պետականություն։

«Որպես Արցախի պետականություն՝ այն անպայման պետք է լինի, որպեսզի մենք հարկ եղած դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը ծագի, կարողանանք այդ նույն ժողովրդին կազմակերպել։ Արցախ վերադառնալու հետ է կապված նաև այն, թե մենք ինչպիսի կարգավիճակ ենք տալիս այսօր ՀՀ տարբեր մարզերում, Երևանում բնակվող արցախցիներին։ Դա ժամանակավո՞ր կարգավիճակ է, թե՞ մենք ինչ-որ բան հիմնովին փոխում ենք, հետո շատ դժվար է լինելու նույն վերադառնալու հետ կապված մարդկանց իրավաքաղաքական ներկա կարգավիճակը մեկ անգամ էլ փոխել»,- «Արցախ. Ընթացիկ հարցեր և հեռանկարներ» քննարկման ժամանակ ասաց Աշոտ Ղուլյանը։

Ըստ նրա, տպավորություն է, որ Հայաստանի գործող իշխանությունները շատ հապճեպ մի որոշում են ընդունել, որպեսզի արագ կարողանան ինչ-որ ձևով մարդկանց տեղավորել։ Եվ այդ հապճեպ ընդունված որոշման արդյունքում այսօր հազարավոր մարդիկ չգիտեն՝ ինչպես վարվել և ում դիմել։ Դիմելու դեպքում էլ ստանում են մերժում, որից հետո սկսում են փնտրտուքներ, թե որտեղ կարող են ստանալ իրենց խախտված իրավունքների պատասխանները։

«Երևի առաջին անգամ է, որ ես հրապարակային մասնակցում եմ քննարկումների, որովհետև երկու ամսվա ընթացքում ես ինձ անընդհատ բռնում էի այն մտքի վրա, որ պատրաստ չեմ խոսել։ Այն, ինչի միջով բոլորս անցել ենք՝ սթրեսային իրավիճակը, սեպտեմբերի 19-ը և դրան հաջորդած օրերը։ Երկու ամիս է, արցախահայությունը Հայաստանում միայն տխուր իրադարձությունների է մասնակցում՝ հոգեհանգստի, հուղարկավորությունների։ Նման իրավիճակում մարդիկ ոչ միայն այս մասին են մտածում, այլև, թե որտեղ են ապրելու, աշխատելու։ Կարծում եմ՝ այս բոլոր հարցերի կարգավորումները միայն պետական միջոցներով է հնարավոր, այսօրվա քննարկումների մակարդակով անհնար է գտնել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ