05 11 2023

Լևոն Քոչարյանը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ․ փաստաբաններ

Լևոն Քոչարյանը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ․ փաստաբաններ

2023 թվականի նոյեմբերի 6-ին Լևոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ և գրեթե երկու ամիս ապօրինի կալանքը ենթակա է վերացման։ Այս մասին հայտարարություն է տարածել Լևոն Քոչարյանի փաստաբանական խումբը:

«2023 թվականի նոյեմբերի 3-ին պարզ դարձավ, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի թվով երեք պատգամավորի թեկնածուներ՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը դիմել են ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկի դիմումներ: Նշվածից ելնելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի շրջականերում՝ ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն հանդիսանում է գրեթե երկու ամիս ակնհայտ ապօրինի կալանավորված, ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման հանցակազմով նաև տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող Լևոն Քոչարյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որի շրջանակներում արձանագրվելու է Լևոն Քոչարյանի կողմից ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատ ստանալը, տեղի է ունենալու 2023 թվականի նոյեմբերի 6-ին: Հետևաբար, ապօրինի անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող Լևոն Քոչարյանը, 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ:

Նշված դիրքորոշման իրավական հիմքը հանդիսանում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմեբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշումը, որը պարտադիր է բոլոր պետական մարմինների, այդ թվում քրեակատարողական ծառայության համար: Սահմանադրական դատարանի նշված որոշմամբ անդրադարձ էր կատարվել նախքան ՍԴՈ-1619 որոշումն իրավակիրառական պրակտիկայում առկա թվով երեք դեպքերին, որի շրջանակներում պատգամավորի կարգավիճակ ստացած անձինք շարունակել էին մնալ անազատության մեջ և Սահմանադրական դատարանը ուղիղ նշել էր, որ «նման իրավակիրառական պրակտիկան չի բխում Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների բովանդակությունից», որի արդյունքում երեք պատգամավորներն ազատ էին արձակվել:

Արդյունքում Լևոն Քոչարյանը 2023 թվականի նոյեմբերի 6-ից լինելու է ազատության մեջ:

Հայտնում ենք նաև, որ պատգամավորի անձեռնմխելիության ուժով նույնիսկ ապօրինի կալանքի վերացումը չի հանգեցնում քրեական հետապնդման դադարեցմանը, հետևաբար առաջիկայում ավելի ակտիվորեն ներկայացնելու ենք սույն իբրև քրեական գործի կեղծ տեղեկությունները, հավելյալ օբյեկտիվ տվյալները, քրեական հետապնդման դադարեցման ակնհայտ հիմքերը, ինչպես այս ողջ ժամանակահատվածում շարունակելու ենք պահանջել որպեսզի կատարվեն անհրաժեշտ վարութային գործողությունները և հանրությանը ցույց ենք տալու նվազագույն ջանասիրության առհասարակ բացակայությունը:

Պաշտպաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև,
Էրիկ Ալեքսանյան,
Արամ Վարդևանյան», - ասվում է հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ