09 10 2023

Առանց այլընտրանքի ԵՏՄ-ից հրաժարվելը կլինի դավաճանություն. Թաթուլ Մանասերյան

Առանց այլընտրանքի ԵՏՄ-ից հրաժարվելը կլինի դավաճանություն. Թաթուլ Մանասերյան

Արտարժույթի շուկայում տեղի ունեցող տատանումները հայ-ռուսական հարաբերությունների հետ կարելի է և կապել և չկապել: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

«Հայկական դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ պայմանավորված է ոչ թե մեկ-երկու, այլ մի քանի տասնյակ գործոններով, որոնց մեջ մտնում է նաև հայ-ռուսական հարաբերությունների վիճակը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլին՝ տնտեսագետն ասաց.

«Որևէ ժամանակավոր բնույթ կրող կառավարություն, կամ իշխանության անխոհեմ և ոչ հեռատես որոշում չի կարող ստվեր գցել այն կապերի վրա, որոնք դարավոր պատմություն ունեն:

Եվ ռուսական կողմից և հայկական կողմից կարելի է նկատել բազամթիվ սխալներ և թերացումներ, բայց սա չի նշանակում, որ չունենալով ոչ մի բարեկամ ամբողջ աշխարհում, իսկ դա ցույց տվեցին այս իրադարձությունները, որ Հայաստանը չունի որևէ բարեկամ և չունի հենց իր մեղքով և կորցնել հերթական բարեկամին, ով տարբեր թերացումներ, սխալներ, կամ ոչ ընդունելի մոտեցումներ է ցուցաբերել, մեր պարագայում նման է ինքնասպանության: Հատկապես այսօր, երբ թևակոխում ենք ավելի ցուրտ եղանակային պայմաններ, և շատ լավ հայտնի է բոլորին, որ գազը քաղաքատնտեսական կատեգորիա է, ամբողջ ՀՀ բանկային համակարգի մոտ 80 տոկոս և ավելին ռուսական կապիտալի վրա է գործում, ատոմակայանը, որ ապահովում է էներգետիկ բալանսի գրեթե կեսը, ցանկը կարելի է շարունակել: Բայց սա էլ ցույց է տալիս, որ մենք սերտորեն կապված ենք ՌԴ հետ և ԵԱՏՄ մնացած երկրների հետ: Սա միայն պարզ անդամակացություն չէ, մենք հիմնադիրներից ենք, մենք օգտվում ենք բոլոր առավելություններից, ինչպես նաև որոշում կայացնելու մեր վճռական ձայն ունենք այդտեղ: Բազմաթիվ են օրինակներ, երբ ԵԱՏՄ-ում հենց ՀՀ առաջարկով են ընդունվել որոշումներ:

Հրաժարվել ԵԱՏՄ-ից՝ չունենալով ռեալ այլընտրանք, դա ոչ միայն քաղաքական կարճամտություն է, այլ պարզ թշնամանք  ժողովրդի հանդեպ, իսկ եթե դա իրագործվի, կլինի դավաճանություն: Իսկ եթե կան այլընտրանքներ, կառավարությունը պարտավոր է դրա մասին խոսել, բայց հիմա արևմուտքից անգամ խոստում չկա ՀՀ տնտեսական, ռազմական, էներգետիկ անվտանգությունը ապահովելու մասին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ