03 10 2023

Դաշնակցությունն Արցախի հարցը փակված չի համարում. Արթուր Խաչատրյան



«Այս իշխանությունների քաղաքական կրեդոն մեկն է՝ իրենք որևէ բանում մեղավոր չեն և ժամանակի ու տարածության մեջ մեղավորներ փնտրելը»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Ասում են՝ Արցախում տեղի ունեցավ իշխանափոխության և դրա համար Ադրբեջանը  հարձակվեց: Ոչ, Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, որովհետեւ դեռեւս անցյալ տարի այս օրերին Փաշինյանը ի լուր աշխարհի հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ՝ չունենալով դրա որևէ իրավունք: Դա թե Հայաստանի օրենսդրությունն  է արգելում, իսկ Արցախի օրենսդրությունը նման լիազորությունը ՀՀ վարչապետին չի տալիս: Նա դա կրկնեց այս տարվա մայիսին Բրյուսելում: Հիշեցնեմ, որ այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը շրջափակեց Արցախը, հետո դա վերածվեց պաշարման:

Դուք ՀՀ իշխանության վարքագիծը նայեք, երբ Ադրբեջանը հարձակում գործեց  Արցախի դեմ: ՀՀ ՊՆ-ն ցինիկաբար հայտարարություն էր տարածում, թե մեր սահմաններին ամեն ինչ լավ է, իսկ Փաշինյանը  հայտարարում է, որ այս փորձությունների միջով մենք անցնում ենք հանուն Հայաստանի: Հայաստանը Պիղատոսի նման իր ձեռքերը լվաց, փակեց դռներն ու պատուհանները, աչքերն ու ականջները, որպեսզի չտեսնի, թե ինչպես ադրբեջանցիներն ու թուրքերը կոտորում հայերին Արցախի Հանրապետությունում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: 

Արթուր Խաչատրյանը նաև վստահեցրեց, որ Դաշնակցությունը Արցախի հարցը փակված չի համարում. «Նույնիսկ եթե այսօր այնտեղ հայ չի ապրում, դա չի նշանակում, որ նրանք կորցրել են իրենց հայրենիքում ապրելու իրավունքը։ Նախ պետք է ապահովել արցախցիների կեցությունն  այստեղ, պետք է նրանց ժամանակ տալ այստեղ շունչ քաշելու, կանխելու հակաարցախյան քայլերը, այն է՝ եթե որևէ արցախցի մասնակցում  է բողոքի ակցիաների, նրանց զրկել աջակցությունից, միջազգային ասպարեզում քայլեր անել, կանխել մշակութային վանդալիզմը, որպեսզի մի քանի տարի հետ Ադրբեջանը չհայտարարի, որ այդտեղ հայեր չեն ապրել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ