24 08 2023

ԼՂ-ի շրջափակման իրավական հետևանքների վերաբերյալ ՄԱԿ-ում զեկույց է ներկայացվել

ԼՂ-ի շրջափակման իրավական հետևանքների վերաբերյալ ՄԱԿ-ում զեկույց է ներկայացվել

Լեռնային Ղարաբաղի շրջափակման իրավական հետևանքների վերաբերյալ պրոֆեսոր Խուան Մենդեսը զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ում։ Այն նաև հրապարակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կայքէջում:
 
Նշվում է, որ օգոստոսի 23-ին ՄԱԿ կենտրոնակայանում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում ներկայացվել է Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսի փորձագիտական կարծիքը՝ Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակման և ՄԱԿ կողմից կանխարգելման գործիքակազմի կիրառման հնարավորությունների վերաբերյալ։

 Քննարկմանը մասնակցել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ-պետություների և մի շարք այլ երկրների դիվանագետներ։

Իր բացման խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում` նշելով, որ հումանիտար ճգնաժամը շարունակում է վատթարանալ:

Անդրադառնալով օգոստոսի 16-ին ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ հանդիպմանը` ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ ՄԱԿ-ը չի կարող թույլ տալ հերթական ոճրագործության իրականացումը և հստակ քայլեր պետք է իրականացնի դրա կանխարգելման ուղղությամբ։

Պրոֆեսոր Մենդեսը, մասնավորապես, ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում ներկա իրավիճակի համատեքստում Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր վճռի կատարումից հրաժարվելը նշան է, որպեսզի գործարկվի վաղ կանխարգելման գործիքակազմը՝ ցեղասպանության կանխարգելման նպատակով։ Ըստ պրոֆեսոր Մենդեսի փորձագիտական կարծիքի՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը բավարար հիմք է միջազգային հանրության համար վաղ նախազգուշացման մեխանմիզմներն ու պաշտպանելու պատասխանատվության սկզբունքը գործարկելու առումով։

Զեկույցի ներկայացմանը հաջորդած քննարկման ընթացքում Խ․ Մենդեսը պատասխանել է ներկա պատվիրակությունների կողմից հնչեցված մի շարք հարցերի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ