02 08 2023

Նման անձնավորությունը պետք է անհապաղ հեռացվի պետության ղեկից․ վերլուծական

Նման անձնավորությունը պետք է անհապաղ հեռացվի պետության ղեկից․ վերլուծական

7or.am-ը գրում է․  Վերջերս Նիկոլ Փաշինյանին Վարդան Օսկանյանը խորհուրդ էր տվել լռել: Գոնե մի երեք ամիս: Ցանկալի կլիներ, որ նա պապանձվեր առհավետ: Կարելի էր հորդորել նաև, որ նա խոսքը կուլ տա, համրանա, մնջվի, լռկվի, սսկվի, ծպտուն չհանի, վերջապես՝ լեզուն ծակը կոխի: Բայց Նա խոսում է ու խոսում: Այս անգամ՝ «Եվրանյուզին» տված հարցազրույցում:

Ու ինչեր է ասում: Օրինակ, ասում է, թե 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները Ադրբեջանը շարունակաբար խախտում է: Այս կետը, այն կետը, օրինակներ է բերում: Ու անհասկանալի է, թե նա՝ Նիկոլ Փաշինյանը այդ ումի՞ց է բողոքում, եթե ստորագրող կողմերից մեկն ինքն է, ի դեպ, այդ հայտարարության սակավաթիվ, քիչ թե շատ հայկական շահերին վերաբերող ձևակերպումների խախտումներն էլ իր հետագա բանակցային վարքի վրա չեն ազդում: Այսինքն՝ թշնամին խախտում է ինչ-ինչ պայմանավորվածություններ, իսկ ինքը շարունակում է բանակցել նույն թշնամու հետ, ձեռք բերել նորանոր պայմանավորվածություններ, իսկ որ ամենից վատն է՝ կատարում ու գերակատարում է թշնամու՝ Էրդողանի ու Ալիևի առաջ իր ստանձնած պարտավորությունները:

Կամ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը «Եվրանյուզի» եթերից տրտնջում է, թե «բրյուսելյան հարթակում» պայմանավորվածություններ են ձեռք բերում, բայց Ադրբեջանը դրանք շարունակաբար խախտում է: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական անկարողության, ամլության և անպետքության խոստովանություն:

Օրինակ, Նիկոլ Փաշինյանը մի թունավոր ու մահացու թեզ առաջ տարավ և առնվազն իր կողմնակիցներին համոզել է, թե «եկեք Արցախը հանձնենք թշնամուն, Արցախի հայերին էլ թշնամու հետ պայմանավորված կոտորածի մատնենք ու դրանից հետո «չաղ ու բախտավոր» ապրենք ՀՀ 29800 քառակուսի կիլմետրի վրա»: Ու սրա՛ վերաբերյալ են Ադրբեջանի հետ բանակցում: Ու մինչ Նիկոլ Փաշինյանն ու նրա «նիկոլփաշինյանները» ամեն առիթով, ամեն ծակուծուկում հայտարարում են, թե «Արցախը ադրբեջանական է», Ադրբեջանը ոչ միայն չի ընդունում, որ Հայաստանը 29800 քառ. կմ է, այլ որ առհասարակ Հայաստան է: Ալիևը այն նշում է որպես «Արևմտյան Ազերբայջան»:

Ինչպես ասվում է՝ խռփշտե՛ք ձեր եփած նիկոլական արնաշիլան:

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե «խաղաղության պայմանագիր» է պայմանավորվում, բայց անընդհատ նշում է, որ այդ «խաղաղությունը» ոչ մի բանով երաշխավորված չէ, որ ոչ մեկը չի կարող վստահ լինել, որ դա կնքելու հաջորդ պահին պատերազմ չի լինի կամ նման մի բան...

Այսինքն, եթե ի մի բերենք և հակիրճ արտահայտենք ասվածի բուն իմաստը, ապա Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարում է, որ Ալիևն իրեն անընդհատ «քցում» է, «հարիֆացնում» է, «ֆռցնում» է: Ձևակերպեք որ բառով կուզեք, իմաստը նույնն է:

Լավ, մի պահ ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե դիտավորյալ քայլեր է անում, ինչպես համոզված են շատերը, ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դավաճան էլ չի, այլ իսկապես էլ, իր ասածի նման՝ աշխարհի ամենահայրենասեր էակն է:

Էհ, մե՞ջն ինչ, եթե բանակցությունների ընթացքում ու դրանցից հետո թշնամին ու թշնամիները Նիկոլ Փաշինյանին շարունակաբար «քցում» են:

Նիկոլ Փաշինյանը, միգուցե, շատ է սիրում, որ իրեն «քցեն», որ իրեն համարեն «խեղճ հարիֆ», «խեղճ Նիկոլ», միգուցե դա նրա մոտ մանիակալ սևեռում է...

Բա՛յց: Նման անձնավորությունը առավել ևս ոչ մի իրավունք չունի ու չպիտի ունենա որևէ բանակցությունում ներկայացնել Հայաստանը, Հայաստանի անունից հայտարարություններ անել ու բոլորիս տանել կործանման ու նորանոր աղետների:

Նման անձնավորությունը պետք է անհապաղ հեռացվի պետության ղեկից: Հայաստանը և Արցախը վերականգնվելու և վերապրելու շանս կունենան միմիայն այդ դեպքում: Մնացած բոլոր տարբերակների մասին դատողություններն ինքնախաբեություն են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ