12 07 2023

Խաղաղ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը պատասխանատվություն են կրում Արցախի շրջափակումը վերացնելու համար․ Արցախի ԱԳՆ

Խաղաղ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը պատասխանատվություն են կրում Արցախի շրջափակումը վերացնելու համար․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով ԿԽՄԿ մեքենաների տեղաշարժը խոչընդոտելու վերաբերյալ․

«Հուլիսի 11-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տրանսպորտային միջոցների տեղաշարժը Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետով՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով ինչպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այնպես էլ 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի որոշումները։ Այն փաստը, որ այդ ապօրինի և անմարդկային գործողությունն արդարացնելու համար Ադրբեջանը հղում է անում ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներով այնպիսի «չթույլատրված իրերի» տեղափոխմանը, ինչպիսիք են՝ բջջային հեռախոսներն ու աքսեսուարները, ծխախոտն ու վառելիքը, միայն ապացուցում է Արցախի շարունակվող տրանսպորտային, պարենային և էներգետիկ շրջափակումը, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասը, ինչպես նաև Բաքվի թշնամական և մարդատյաց վերաբերմունքն Արցախի ժողովրդի նկատմամբ։

Կրկին ընդգծում ենք, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր է չխոչընդոտել հումանիտար բեռների մատակարարումը պաշարված Արցախ։ Տվյալ պարտավորության խախտումը հանդիսանում է Ժնևի կոնվենցիաների դրույթների լուրջ խախտում և որակվում որպես պատերազմական հանցագործություն։

Հաշվի առնելով դեպքի կապակցությամբ ԿԽՄԿ հուլիսի 11-ի հայտարարությունը՝ անհրաժեշտ է ընդգծել, որ Ադրբեջանի գործողություններն ուղղակիորեն խախտում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված Եռակողմ հայտարարությունը, որով, մասնավորապես, նախատեսվում էր Լաչինի միջանցքի գործունեության վերահսկողությունը վերապահել ՌԴ խաղաղապահ ուժերին՝ ապահովելու կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, ինչպես նաև երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երկու ուղղություններով երթևեկության անվտանգությունը։ Ավելին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման շարունակումը ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր երկու որոշումների խախտում է, որոնց համաձայն Ադրբեջանը պարտավոր է ապահովել մարդկանց և ապրանքների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ընդգծում ենք, որ միջազգային դերակատարները Լաչինի միջանցքի հարցի շուրջ իրենց մոտեցումներում պետք է առաջնորդվեն ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումներով։

Խոչընդոտելով ԿԽՄԿ կողմից իրականացվող մարդասիրական գործունեությունը, ներառյալ՝ բժշկական տարհանումները, Ադրբեջանը ոչ միայն անտեսում է իր միջազգային պարտավորությունները, այլև սրում է Արցախում ստեղծված առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը։ Տվյալ արգելքն, ըստ էության, անհետաձգելի բժշկական օգնության սուր կարիք ունեցող անձանց ընդհանրապես զրկում է դրա հասանելիությունից, ինչը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, ընդհուպ մինչև  մարդկանց մահվան:

ԿԽՄԿ մարդասիրական գործունեության խաթարումը, հունիսի 15-ից ի վեր Արցախի ամբողջական շրջափակումը, Ադրբեջանի հետևողական խոչընդոտումը Արցախի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելուն, ինչպես նաև Արցախում անտանելի կենսապայմանների ստեղծմանը միտված քաղաքականությունը Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների հերթական դրսևորումն են։

Անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային հանրությունը դատապարտի Ադրբեջանի ապօրինի գործողությունները և ճնշում գործադրի՝ վերականգնելու Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումներ և բժշկական տարհանումներ իրականացնելու ԿԽՄԿ հնարավորությունը՝ հիմք ընդունելով մարդու արժանապատվության հարգման սկզբունքը, ինչպես նաև հավաքական ջանքեր գործադրի՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Հերթական անգամ հիշեցնում ենք, որ  խաղաղ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը պատասխանատվություն են կրում Արցախի արդեն 7 ամիս շարունակվող  հանցավոր շրջափակումը վերացնելու և Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած  պարտավորությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումների լիարժեք կատարումն ապահովելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ