18  09  2019

Լատվիայի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարին

Լատվիայի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին  այցելել է Ռիգայի ամրոց, որտեղ նրանց ընդունել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսը։ 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը շնորհավորել է Էգիլս Լևիթսին վերջերս նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ և նրան փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։  

Անդրադառնալով Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակին՝ Զոհրաբ Մնացականյանը և Էգիլս Լևիթսը գոհունակությամբ նշել են, որ հայ-լատվիական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, դրանք հարաբերություններ են ազատության և անկախության նկատմամբ առանձնահատուկ ուժեղ զգացում ունեցող ժողովուրդների միջև:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ իր այցը մեծ նպաստ կբերի երկու երկրների միջև հաստատված քաղաքական երկխոսության առավել ակտիվացմանը և խորացմանը: 

Լատվիայի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը ընդգծել են նաև հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու երկրներին և ժողովուրդներին առավել մերձեցման գործում: Նախարար Մնացականյանը նշել է, որ լինելով Լատվայի հպարտ քաղաքացիներ և իրենց ներդրումը ունենալով երկրի զարգացման գործում՝ մեր հայրենակիցները միաժամանակ հանդիսանում են իրենց ազգային ինքնության կրողները և պահապանները:

ԱԳՆ ղեկավարը նախագահ Լեևիթսի ուշադրությունը հրավիրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների վրա, որոնք ուղղված են ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանը և վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:

Դատաիրավական բարեփոխումների համատեքստում նախարար Մնացականյանը կարևորել է միջազգային և տարածաշրջանային գործընկերների աջակցության համակարգումը, առկա փորձագիտության արդյունավետ օգտագործումը: 

Եվրոպական միության և ԵՄ երկրների հետ գործընկերության համատեքստում՝ երկուստեք արժևորվել է Արևելյան գործընկերությունը՝ որպես ընդհանուր արժեքների և նախանշված նպատակների հիման վրա ձևավոված արդյունավետ, մեծ ներուժ պարունակող հարթակ: 

Լատվիայի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային զարգացումների և դրանց նկատմամբ ունեցած դիրքորոշումների շուրջ։ 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Նախագահ Լևիթսը և նախարար Մնացականյանը շեշտել են, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք լինել չի կարող։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ