08 11 2018

ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր

ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները:

 

Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակներում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018-2019թթ. համար ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնելու է Ղրղզստանի Հանրապետությունը՝ Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը ներկայացրել է նախագահության ընթացքում իր երկրի առաջնահերթությունները:

Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր: Դրանց թվում են եղել` ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմում զինված հակամարտություններին մասնակցած անձանց նկատմամբ փոխհամաձայնեցված միջոցառումների վերաբերյալ համատեղ հայտարարությունը:

Պետությունների ղեկավարներն ընդունել են Հավաքական անվտանգության խորհրդի որոշումներ, որոնք նպատակամղված են ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կատարելագործմանը, անօրինական միգրացիային հակազդելուն, համակարգված տեղեկատվական քաղաքականության զարգացմանը, հավաքական ուժերի կազմակերպմանն ու կազմի ճշտմանը, ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածության հաստատմանը:

Ընդունվել են նաև ՀԱՊԿ-ի գործընկերոջ և կազմակերպությանն առընթեր դիտորդի կարգավիճակի իրավական ձևակերպմանը վերաբերող փաստաթղթերը, որոնց ընդունումը հնարավորություն Է ստեղծում որակապես նոր մակարդակով մի շարք երրորդ երկրների հետ կազմակերպության համագործակցության հաստատման համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցին:

 

Կողմերը պայմանավորվել են հարցի շուրջ քննարկումները շարունակել սույն թվականի դեկտեմբերի 6-ին` Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում: Միաժամանակ, աշխատանքներ են տարվելու Գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ կապված հարցերը կարգավորող համապատասխան նորմերի մշակման ուղղությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ