18 10 2018

Արդեն իսկ խոստովանում է, որ հիասթափեցրել է կողմնակիցներին. «Հայոց աշխարհ»

Արդեն իսկ խոստովանում է, որ հիասթափեցրել է կողմնակիցներին. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ինչպեսեւ սպասվում էր՝ վարչապետի հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման գործընթացի մեկնարկը որեւէ էական տեղաշարժ չառաջացրեց Հայաստանի առանց այդ էլ փլուզված քաղաքական դաշտում։ Այս ամենի միակ լուրջ հետեւանքն այն է, որ մեծացավ մեր երկրի արտաքին գործընկերների անվստահությունը Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացների հանդեպ։  

Այն փաստը, որ Ռուսաստանն ու Եվրամիության երկրների կարծիքը բյուրեղացնող Վենետիկի հանձնաժողովը դժգոհ է հայաստանյան ներկա «ափալ-թափալից» ինքնին վկայում է, թե որտեղից է գալիս ընտրությունների արագացման անսքող թելադրանքը։   

Սա նաեւ վկայում է, թե ինչու է վարչապետ Ն. Փաշինյանն իր հրաժարականի խոսքն ուղեկցել հետեւյալ խոստովանությամբ. «Նաեւ ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից ում ինչ-որ բանով հիասթափեցրել եմ, ում արդարացի եւ օրինական հույսերը չեմ արդարացրել, ում ոգեւորությունը որեւէ կերպ ստվերել եմ»։   

Նման բացահայտ խոստովանության վերջում արտաբերված նախընտրական բնույթի «ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու» խոստումը որեւէ կապ չունի վերջին 5 ամիսների տնտեսական ցուցանիշների հետ, որոնք փաստում են անկման ակնհայտ պատկեր գրեթե բոլոր բնագավառներում։  

Հարց է առաջանում. եթե կառավարության ղեկին բազմած քաղաքական թիմն արդեն իսկ խոստովանում է, որ հիասթափեցրել է կողմնակիցներին եւ իր հետագա ձախողումների համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով արագացնում է խորհրդարանական ընտրությունների մեկնարկը, ապա ի՞նչ պետք է անել Հայաստանը ավելի երկարաժամկետ փորձադաշտի չվերածելու համար։  

Ի վերջո, մենք չենք կարող ամբողջ 5 տարի երկրի ղեկին բազմելու քարտ-բլանշ տալ մի թիմի, որը չի կարողացել ընդամենը 5 ամսում իրեն դրսեւորել ինչպես հարկն է։ Չենք կարող այդքան երկար ժամանակահատվածում ազգովին վերածվել փորձնական ճագարների բազմության՝ քաջ գիտակցելով, որ ներկայումս վարչապետի քաղաքական թիմի բարձր վարկանիշը արդեն առաջիկա գարնանը կրճատվելու է նվազագույնը երկու անգամ։   

Բայց միաժամանակ չենք կարող նաեւ հաշվի չառնել, որ քանի դեռ երկրում չկա լիարժեք իշխանություն՝ չի կարող լինել նաեւ լիարժեք ընդդիմություն։   

Այսինքն՝ ժամանակի կարճ տեւողության մեջ նոր իշխանավորների ճանապարհը բաց է, բայց ավելի լայն տեւողության առումով որեւէ բանական մարդ չի կարող վստահել մի թիմի, որը անգամ 5 ամիս չի կարողացել պատշաճորեն ղեկավարել երկիրը։  

Պետական կառավարումից, տնտեսությունից եւ մեր երկրի կենսագործունեության տարբեր ոլորտներից հասկացող բոլոր պրոֆեսիոնալները բացասաբար են գնահատում ներկա կառավարության գործունեության արդյունքները։ Նրանք ավելի քան համոզված են, որ այս նորելուկները շատ ավելի արագ են տապալվելու, քան 1991-ին 80 տոկոսի սահմանը հատած Տեր-Պետրոսյանի թիմը, որն իր հետագա ձախողումների արդարացման համար ուներ գոնե պատերազմի ու կացութաձեւի փոփոխության փաստարկը։   

Ն.Փաշինյանի թիմը դա էլ չունի, բայց փոխարենը գործ ունի մի այնպիսի քաղաքական դաշտի հետ, որը չի կարող կարճ ժամանակաընթացքում՝ հետհեղափոխական ընդարմացման պայմաններում, իրեն լուրջ այլընտրանք դառնալ։  

Նման պայմաններում երկիրը պարբերական ցնցումների չդատապարտելու համար սահմանադրությունը մեզ տալիս է որոշակի հնարավորություններ, որոնցից մեկը ինչ-որ մի հանգրվանում վստահության հանրաքվեի կազմակերպումն է։ Նախընտրական շրջանում, մանավանդ քարոզարշավի ընթացքում մեզանում անխուսափելի դարձող քաղաքական սուր բանավեճը կարող է արդյունավորվել, եթե այն դուրս գա «սեւի ու սպիտակի» շրջանակից, երբ կողմերից մեկը ապացուցելու է, որ նորի հաղթանակը ներկա հանգրվանում անխուսափելի է եւ օրինաչափ, իսկ մյուսը, հակառակը, առարկայական փաստերով ցույց է տալու, որ այդ նորը բոլոր հիմնական ցուցանիշներով լիուլի հասցրել է տապալվել։  

Այս փաստարկների ու հակափաստարկների արդյունքը լինելու է «ոչինչ, ջահել են՝ կսովորեն» ժողովրդական ասացվածքը, որը կիրառելի է ոչ թե պետության կառավարման ոլորտում, այլ կով պահելու կամ արտը ժամանակին հնձելու բնագավառներում։   

Մենք նախրապան կամ հնձվոր չենք ընտրում, այլ պետության հետագա ճակատագրի համար պատասխանատուներ, ուստի այսօրվանից պարտավոր ենք նրանց առաջ դնել հստակ ու կոշտ պայմաններ, դրանք վերածել քաղաքական պահանջների՝  

ա) հաշվետվություն՝ 2018-ի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ,   

բ) հաշվետվություն 2019-ի պետական բյուջեի ընդունման գործընթացի փաստացի տապալման մասին,  

գ) պատասխանատվության հստակ մեխանիզմների սահմանում 2019-ի բյուջեն եւս տապալելու դեպքում։  

Իսկ դա նշանակում է, որ կառավարության ու վարչապետի առջեւ պետք է դրվի հստակ պահանջ՝ 2019-ի բյուջեն եւս տապալելու պարագայում ընտրություններից մեկ-մեկուկես տարի հետո իրենք պարտավոր են համաձայնվել վստահության հանրաքվեի կազմակերպման առաջարկին։ Ճիշտ է, համաձայն սովորույթի, այսօր կհամաձայնվեն, իսկ վաղը՝ կհրաժարվեն, բայց դա արդեն այլ խնդիր է։   

Վստահության հանրաքվեի կազմակերպման անհրաժեշտ իրավական ու քաղաքական նախադրյալների ձեւավորումը պետք է սկսվի առաջիկա նախընտրական պայքարից առաջ՝ դեռեւս իր լիազորությունները պահպանող ներկա խորհրդարանի կողմից։ Վերջինս կարող է վարչապետի պաշտոնակատարից հաշվետվություն պահանջել անցած 5 ամիսների գործունեության վերաբերյալ, քանի որ Ն.Փաշինյանը խախտել է մեկ տարվա իր սահմանադրական անձեռնմխելիության իրողությունը։  

Եթե նրան մեկ տարի ժամանակ էր տրվել առանց անվստահության արժանանալու սպառնալիքի կառավարել երկիրը, իսկ դրանից 5 ամիս անց վարչապետը հրաժարական է տալիս՝ պահանջելով արտահերթ ընտրություններ, ապա Ազգային ժողովն իրավունք ունի նրան հարցնել՝ իսկ ո՞վ է պատասխան տալու կառավարության գործունեության անցած ամիսների համար։  

Իսկ եթե վարչապետի պաշտոնակատարը հրաժարվի հաշվետվությունից, Ազգային ժողովը կարող է փոփոխություններ կատարել Հանրաքվեի մասին օրենքում եւ քաղաքական օրակարգ բերել ընտրություններից հետո ընկած մեկամյա ժամկետում կառավարությանը վստահություն հայտնելու հարցով հանրաքվե կազմակերպելու առաջարկը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ