04 09 2019

ՀՊՏՀ նոր ղեկավարությունը կոլեկտիվի ընդհանուր ժողով է անցկացրել

ՀՊՏՀ նոր ղեկավարությունը կոլեկտիվի ընդհանուր ժողով է անցկացրել

Նոր ուսումնական տարվա անելիքները, ՀՊՏՀ-ում ստեղծված իրավիճակը, կրթության բոլոր շահառուների միջև ստեղծված անջրպետը հաղթահարելու, բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու, կրթության որակի բարձրացմանը միտված հարցերը քննարկելու նպատակով ՀՊՏՀ ղեկավարությունը՝ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գլխավորությամբ հրավիրել է կոլեկտիվի ընդհանուր ժողով, որին մասնակցում էին համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում են բուհի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բացելով հանդիպումը՝ Դիանա Գալոյանը նախ շնորհավորել է ՀՊՏՀ աշխատակիցներին նոր ուսումնական տարվա առթիվ, ապա ընդգծել, որ իր համար հավասարապես կարևոր են ՀՊՏՀ  բոլոր շահառուները՝ թե՛ ուսանողները,  թե՛պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմը, թե՛ պետությունը, թե՛ գործատուները և թե՛ շրջանավարտները: Նրա խոսքով՝ անընդունելի է այս շահառուների միջև անջրպետը: Բուհի ղեկավարը հորդորել է՝ ուսանողների հետ պետք է գնալ երկխոսության, ականջալուր լինել նրանց մտահոգություններին, հետամուտ լինել նրանց բարձրացրած խնդիրների լուծմանը:

 «Ինձ համար այս իրավիճակում շատ կարևոր է բարոյահոգաբանական մթնոլորտի բարելավումը, հատկապես կարևոր է, որ մենք կարողանանք մեր բուհում ստեղծված խնդիրները լուծել մեր պատերի ներքո: Ես շատ եմ ցանկանում, որ մենք բոլոր խնդիրները քննարկենք բաց, հայտնենք քննադատական կարծիքներ, ազատորեն մերժենք անընդունելի երևույթները և համատեղ ուժերով հանգենք որոշումների, որոնք կլինեն ներառական և մասնակցային կառավարման արդյունք»,- հայտարարել է ռեկտորի պաշտոնակատարը:

Հանդիպումը վերածվել է լայն քննարկման, կարծիքներով և առաջարկներով հանդես են եկել շուրջ  երկու տասնյակ աշխատակիցներ, ողջունել համալսարանում ստեղծված իրավիճակը համախմբման և փոխադարձ հարգանքի մթնոլորտում լիցքաթափելու՝ ՀՊՏՀ նոր ղեկավարի մոտեցումը:

Այնուհետև բուհի ղեկավարն առաջարկել է ստեղծված իրավիճակի բարելավման ճանապարհային քարտեզ, որը ներառում է մի շարք քայլեր՝ կոլեկտիվի կարգապահություն, թերադրություններով դասերի դասերի անցկացման բացառում, դասավանդման գործընթացների նկատմամբ վերահսկողության սահմանում, փորձագիտական խմբի ձևավորում, որը կմշակի մասնագիտական ատեստավորման և պաշտոնների տեղակալման մրցութային կարգ, հետազոտական բունուսային հիմնադրամի ձևավորում, KPI-երի համակարգի ներդնում:

Դիանա Գալոյանի ներկայացրած առաջարկները կոլեկտիվի միաձայն քվեարկությամբ հաստատվել և ընդունվել են որպես կոլեկտիվի որոշում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ