12  10  2018

30 000 դոլարի աջակցություն՝ սկսնակ գիտնականներին

30 000 դոլարի աջակցություն՝ սկսնակ գիտնականներին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ազդարարում է նոր գիտահետազոտական կրթաթոշակների հայտերի ընդունման փուլի մեկնարկը։ Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակն (գիտահետազոտական դրամաշնորհներ) օժանդակելու է սկսնակ գիտնականներին և հետազոտողներին՝ հատկապես պատմության և հասարակագիտության ոլորտի, որոնք փորձում են հետազոտել Հայաստանի XX դարի պատմության չուսումնասիրված դրվագները։ Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:

Հնգամյա կրթաթոշակային նախագծի առաջին փուլում հատուկ ուշադրության են արժանանալու 35 տարին չբոլորած հայաստանաբնակ հայագետ գիտնականներն և հետազոտողները։ Երկրորդ և երրորդ փուլերում այն ընդլայնվելու է՝ ընդգրկելով գիտնական-հետազոտողների ամբողջ հայկական սփյուռքից և դրանից դուրս։

Տարեկան տրամադրվելու է երկու կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը 30,000 ԱՄՆ դոլար։«Համալսարաններն ու գիտնականները կարևոր դեր ունեն ողջ մարդկությանն առնչվող հարցադրումների ձևակերպման և դրանց պատասխանների որոնման գործում։ Վարդան Գրեգորյանի կրթաթոշակն աջակցում է պրպտող և հետազոտող մտքին, որի մարմնավորումն ինքը Վարդան Գրեգորյանն է։ Հպարտ ենք, որ այս կրթաթոշակը կընդլայնի Հայաստանի վերաբերյալ գիտելիքի ծավալը՝ արժևորելով ներդրումները հայագիտության մեջ»,– ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը և հավելել. «Այս հայտարարությունը մենք անում ենք այսօր՝ Սուրբ Թարգմանչաց տոնին, հիմնարար և միջմշակութային փոխանակման միևնույն ոգով, որով V դարի մեր Թարգմանիչներն իրենց ներդրումն ունեցան հայկական քաղաքակրթական միջավայրում։

Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը պատվում է նրան և այս ավանդույթը»։ Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը նպատակ ունի ամրապնդելու Հայաստանի և միջազգային գիտական կենտրոնների միջև կապերը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և հայագիտության ոլորտի մասնագետների աջակցությամբ՝ Scholae Mundi կրթական հարթակը որոշիչ դեր կունենա նախագծի իրականացման գործում։Այս նախագիծն ստեղծվել է հայագիտության ոլորտի մասնագետների խորհրդատվությամբ՝ խթանելու գիտահետազոտական գործունեությունը Հայաստանում և հայկական թեմատիկայի ուսումնասիրությունը միջազգային ասպարեզում։

Ի թիվս այլոց, նախաձեռնության կողմից հարցի քննարկմանը մասնակցել են փորձագետներ՝ Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ամբիոնի դասախոս և գիտաշխատող Հրաչ Չիլինգիրյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը և Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Լևոն Չուգասզյանը։Յուրաքանչյուր հայտ քննվելու է հինգ հոգուց բաղկացած միջազգային Ընտրող խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկված են հետևյալ ականավոր գիտնականները.

  •          Ռոնալդ Գ. Սյունի, Վիլյամ Սյուելի անվան պատմության և քաղաքագիտության պատվավոր պրոֆեսոր (Միչիգանի համալսարան), քաղաքագիտության և պատմության պատվավոր պրոֆեսոր (Չիկագոյի համալսարան),
  •          Ջորջ Բուռնության, պատմագիտության ավագ պրոֆեսոր, Այոնա քոլեջ,        
  •          Հրաչ Չիլինգիրյան, Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ամբիոնի դասախոս և գիտաշխատող,
  •          Լևոն Չուգասզյան, Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ,
  •          Հայկ Դեմոյան, պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն։

Ողջունելով հայտերի ընդունման փուլի մեկնարկը՝ Ռոնալդ Սյունին շեշտել է. «Կարիերայի մեկնակետում գտնվող խոստումնալից գիտնականին աջակցող փոքրիկ ներդրումը վերադառնում է բազմապատկված, քանի որ այդ հետազոտողը ժամանակի ընթացքում շարունակում է իր ներդրումը բերել աշխարհի վերաբերյալ ընդհանուր գիտելիքի գանձարանին։ Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակն առատ պտուղ կտա առաջին սերմերը տնկելուց տասնամյակներ անց»։Հայտերի ընդունման գործընթացը տեղի կունենա առցանց և կտևի մինչև 2018թ. դեկտեմբերի 1-ը։ Բոլոր դիմորդներից պահանջվում են հետևյալ փաստաթղթերը՝

  •          Հետազոտական հայտ/առաջարկ՝ անգլերենով (առավելագույնը 2,000 բառ, կրկնակի տողարանքով, 12pt տառաչափով)
  •          Ինքնակենսագրություն (CV)՝ հրատարակությունների ցանկով հանդերձ·
  •          Ուղեկցող նամակ
  •          Նվազագույնը մեկ երաշխավորագիր՝ տրված գիտնականի կողմից

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ