28  02  2018

Ի՞նչ է արել Կրթության և գիտության նախարարությունը

Ի՞նչ է արել Կրթության և գիտության նախարարությունը

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը փետրվարի 28-ին զեկուցել է հանրապետությունում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում կատարված աշխատանքները, նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը:

Նախարար Մկրտչյանը զեկուցել է, որ 2017թ. մշակվել և կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի գլխավոր նպատակն է ապագային միտված կրթական համակարգի ձևավորումը:

Անդրադառնալով գերազանցության կենտրոններին զուգահեռ իրականացվող նորարարական կրթական ծրագրերին՝ այդ թվում Արարատյան բակալավրիատի ծրագրին՝ Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ այն արդեն ստացել է միջազգային ճանաչում։ Նախարարի հավաստմամբ՝ Միացյալ Թագավորության ճանաչման ազգային գործակալության զեկույցը հաստատել է Արարատյան բակալավրիատը՝ որպես միջազգային լավագույն դպրոցական ծրագրերին համազոր ծրագիր, և այն ներառել Միացյալ Թագավորության բուհական ընդունելության միասնական համակարգում: Նախարար Մկրտչյանը զեկուցել է, որ Նախագահի հանձնարարությամբ գերազանցության կենտրոնների համակարգը ներդրվում է նաև հանրապետության ավագ դպրոցներում. մարզերի և Արցախի ավելի քան 20 դպրոց ներառվել է Արարատյան բակալավրիատի դպրոցների թեկնածության փուլում, իրականացվել է հիշյալ ծրագրով ուսուցիչների վերապատրաստում: Միաժամանակ, մշակվել է նաև «Ուսուցիչ» ծրագրի մաս կազմող ատեստավորման բաղադրիչը, որի նպատակն է բացահայտել որակյալ ուսուցիչներին, բարելավել տարակարգերի շնորհման համակարգը և ապահովել նոր որակյալ կադրերի մուտքը դպրոց:

Նախարարը զեկուցել է նաև, որ նդլայնվել է «Թումո» կենտրոնի ցանցը՝ Երևանից բացի, այն մասնաճյուղեր ունի նաև Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում և հնարավորություն է տալիս տարեկան 14 հազար երեխայի մշտական և անվճար հիմունքներով հմտություններ զարգացնել արվեստի և ՏՏ ուսումնական ծրագրերով: Մեկ այլ նախագծով՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ ներդրվել է Ռոբոտաշինության զարգացման ծրագիրը. 2018 թվականի հունվարի դրությամբ գործում է 225 խմբակ, որոնցում ընդգրկված է շուրջ 5.000 երեխա:

Հանրապետության 6 համայնքում Միացյալ Թագավորության կառավարության հովանավորությամբ ստեղծվել են անգլերենի ուսուցման ակումբներ, որոնցում ընդգրկված է շուրջ 400 սովորող, վերապատրաստվել է շուրջ 200 ուսուցիչ: Հանրապետության 10 դպրոցում իրականացվում է ֆրանսերենով խորացված ուսուցում: Կրթության միջազգայնացման շրջանակում ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ Գերմանիայի կրթության և մշակույթի դաշնային խորհրդի որոշմամբ 2018թ.-ից միջնակարգ կրթության ատեստատը հիմք կհանդիսանա Գերմանիայի բուհերում կրթությունը շարունակելու համար:

Նախարարը տեղեկացրել է, որ Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ ձևավորված բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների մասնագիտական խումբն ավարտել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը: Օրինագիծն այժմ գտնվում է Ազգային ժողովում:

2018 թվականին իրականացվելիք ծրագրերի շարքում ԿԳ նախարարը նշել է բուհերի պետական ֆինանսավորման մեխանիզմների և ուսանողական կրթաթոշակների ու նպաստների տրամադրման սկզբունքների վերանայման, բնագիտական և ինժեներական ոլորտում բուհ-գիտահետազոտական ինստիտուտ-գործատու գիտակրթական կլաստերների և ցանցային համալսարանների ձևավորման, բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգի ներդրման, բուհերի դասակարգման, հաշվետվողականության բարձրացման և մի շարք այլ ուղղություններով նախատեսվող աշխատանքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ