24  12  2019

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը ստում է. ՈւԽ նախագահ

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը ստում է. ՈւԽ նախագահ

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի բարեկամներ, ընկերներ, ուսանողներ և դասախոսներ,

Նախ շնորհակալ եմ օրվա ընթացքում ձեր ցուցաբերած աջակցության համար: Իմ նկատմամբ ձեր վստահությունը և սրտացավությունը առավելագույնն է, որ հնարավոր է ձեռք բերել կյանքում:

Իսկ հիմա եղածի մասին:

Քրեական գործի առիթ դարձած միջադեպի հաջորդող և նախորդող ժամերին ես եղել եմ Կենտրոնական մասնաշենքի վեցերորդ հարկում և մասնակցել եմ ՈւԽ կազմակերպած հրապարակային միջոցառմանը: Այսինքն, միջադեպի հետ որևէ կապ ունենալ չեմ կարող:

Հարցաքննության ծանուցագիր չի եղել: Բերման ենթարկելու որևէ օրինական հիմք չի ներկայացվել: Բայց նույնիսկ այս պարագայում ես պատրաստ էի փաստաբանի հետ միասին 14:00-ին լինել Ոստիկանությունում: Բայց այդ ժամանակը չտրվեց ինձ: Ինձ անհասկանալի պատճառներով 13:10-ին բերման ենթարկեցին:

Առհասարակ, ձեռնաշղթաներ օգտագործում են այն մարդու նկատմամբ, որը վտանգ է ներկայացնում հանրության համար: Կարծում եմ` այդպիսին չեմ: Բացի դա, ո՞վ է տեսել՝ վկայի կարգավիճակ ունեցող մարդուն ձեռնաշղթաներով բերման ենթարկեն: Այն էլ առանց որևէ ծանուցման:

Փաստաբանիս հետ բողոքարկելու եմ ինձ բերման ենթարկելու օրինականությունը, քանի որ փորձ է արվել ապօրինի գործողությունների միջոցով իմ անունը վարկաբեկել: Չի ստացվելու:

Ինձ հարցաքննել են որպես վկա: Երբ հարցրել եմ, թե ինչու են ինձ վկայի կարգավիճակ տվել այն պարագայում, երբ ես դեպքի վայրում չեմ եղել առհասարակ, ինձ պատասխանել են, որ Ուսխորհրդի նախագահն եմ: Զավեշտալի է: Նման տրամաբանությամբ, օրինակ, քաղաքապետը պետք է վկայի կարգավիճակ ունենալ քաղաքում տեղի ունեցած բոլոր քրեական գործերում:

Ի դեպ, սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստից առաջ ինչ-որ «պատահականությունների» արդյունքում ես հայտնվում եմ ոստիկանական բաժանմունքում: Առաջին անգամ կանչել էին ԵՊՀ-ում տեղի ունեցած մի միջադեպի առթիվ, որը եղել էր իմ` Բանակում ծառայելու տարիներին: Բայց ոչինչ, չեմ տրտնջում: Ինչպես ասում են` սա էլ է տղու համար:

հ.գ. մամուլից տեղեկացա, որ Ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը ասել է, թե ինձ ձեռնաշղթաներով բերման են ենթարկել, որովհետև ես դիմադրություն եմ ցույց տվել: Պաշտոնապես հայտարարում եմ, որ նա ստում է։ Ես դիմադրություն ցույց չեմ տվել: Իսկ թե ինչու է նա ստանձնել Ոստիկանության գործողությունները արդարացնողի դերը, ինձ համար դեռևս մնում է անհայտ...»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ