13 12 2019

Բաբաջանյանը շուտով պատասխանատվության է կանչվելու՝ սուտ մատնություն կատարելու համար. Արսեն Բաբայան

Բաբաջանյանը շուտով պատասխանատվության է կանչվելու՝ սուտ մատնություն կատարելու համար. Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանն իր էջում գրում է.

«Ազգային ժողովի անկախ (կամ անտեր) պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցը հերթական սուտն է տարածել իմ հասցեին: Բաբաջանյանն անքուն գիշերներ է անցկացնում այն պահից սկսած, երբ համոզվեց, որ շուտով պատասխանատվության է կանչվելու իմ նկատմամբ սուտ մատնություն կատարելու համար: Պատգամավորը որքան էլ փորձեց 1937 թվականի «Տրոյկա»-ի միջոցով ինձ բռնադատման ենթարկել, կարծում եմ արդեն գիտի, որ դրանից իրեն մնաց միայն «1937-ի մատնիչ» մականունը:

Երկու օր է 37-ի մատնիչին պատկանող երկու լրատվամիջոցները փորձում են ինձ կապել ԱԱԾ նախկին տնօրենի հետ, հնարելով տեղեկություն, թե իբր ես ղեկավարելու եմ նորաստեղծ «Հայրենիք» հիմնադրամը: Ես հենց սկզբից հերքեցի այդ սուտ տեղեկությունը, որին հաջորդեց հենց 1937 թվականի մեթոդներով աշխատող 37-ի մատնիչ Արման Բաբաջանյանի պատասխանը: Արմանը ստանալով (կարծում եմ ապօրինի) Արդարադատության նախարարությունում պահվող նշված հիմնադրամի գործը՝ գտել է լիազորագիր, որտեղ իմ անունն է նշված: Արման Բաբաջանյանն իհարկե երբեք չի կարող հասկանալ, որ Հայաստանում բացի 37-ի չեկիստական մեթոդներից գործում են նաև ամենասովորական աշխատանքային կանոններ, ինչով էլ աշխատում է իմ ղեկավարած «Բաբայան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը, որը բազմաթիվ հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների և առևտրային կազմակերպությունների գրանցմամբ, իրավական սպասարկմամբ և մասնավոր այլ ծառայությունների մատուցմամբ է զբաղվում: Արդարադատության նախարարությունում պահվող բազմաթիվ կազմակերպությունների գործերում առկա են ինչպես իմ անվամբ, այնպես էլ իմ ղեկավարած ընկերության տարբեր աշխատողների անուններով տրված բազմաթիվ լիազորագրեր, որոնք նախատեսված են մեր կողմից մատուցվող ծառայությունների համար:

Ծանոթանալով 37-ի մատնիչին պատկանող լրատվամիջոցներով իմ հասցեին հրապարակված երկու հերյուրանքներին, վստահաբար փաստում եմ, որ գործ ունենք տարրական անգրագիտության հետ, քանի որ հենց այդ հիմնադրամի գործում առկա վկայականում հստակ գրված է, թե ով է հիմնադրամի տնօրենը:

Վերլուծելով այս ամենը, գնահատելով Արման Բաբաջանյանի անգրագիտության աստիճանը, գտնում եմ, որ Արման Բաբաջանյանի կողմից գլխավոր դատախազին հասցեագրած հայտարարությունը, ինչով էլ ես ապօրինի ազատազրկվել եմ, չէր կարող գրվել Արմանի կողմից, քանի որ նա, իմ խորին համոզմամբ, չէր կարող անգամ այդ անհեթեթ պատճառաբանություններով լցված նախադասությունները ձևակերպել: Հարց է առաջանում, իսկ որտե՞ղ է գրվել այդ տեքստը, որն էլ, ստանձնելով 37-ի մատնիչի ֆունկցիան, Բաբաջանյանը ստորագրել և ուղարկել է գլխավոր դատախազին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ