06  12  2019

Կալանավորների մոտ արգելված իրեր են հայտնաբերվել

Կալանավորների մոտ արգելված իրեր են հայտնաբերվել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում են իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանն ուղղված, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահպանմանը միտված համալիր միջոցառումները։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:

2019 թվականի դեկտեմբերի 6-ին՝ 12:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից պահվող արգելված իրերի և առարկաների հայտնաբերման նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ստորաբաժանումների ծառայողները նույն քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերում, խցերում և այլ շինություններում համատեղ իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում թաքստոցներից հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել մեծ թվով արգելված իրեր՝ 9 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 1 սմարթ ժամացույց, 33 կտրող-ծակող գործիք, 1 USB լար, ականջակալներ, պարանով ամրացված պարկ՝ փոխանցումներ կատարելու համար:

Նույն օրը՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Ա. Ք. - ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ. Մ - ի տաբատի գրպանից հայտնաբերել են անհայտ ծագման կես դեղահաբ:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ