03  10  2019

Միտումնավո՞ր է Դատախազությունը աղավաղել փաստերը. Ռուբեն Մելիքյան

Միտումնավո՞ր է Դատախազությունը աղավաղել փաստերը. Ռուբեն Մելիքյան

Արցախի նակին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի գործընկերներ և հատկապես իրավաբաններ,

Երբ օրեր առաջ ես մանրամասն իրավաբանական հիմնավորում ներկայացրեցի, թե, ըստ իս, սխալ, բայց քրեորեն ոչ պատժելի արարք թույլ տված երկու երիտասարդներին ինչու եմ համարում «քաղբանտարկյալ», ակնկալում էի, որ կլինի հրապարակային մասնագիտական հակադարձում։ Եվ չսխալվեցի. երեկ Դատախազությունը տարածեց պարզաբանում, որում ըստ էության փորձ է կատարվում հիմնավորել, որ Դատավոր Գյուլումյանի գործը էապես տարբեր է Դատավոր Դանիբեկյանի գործից։

Իմ հիմնավորումը՝ https://www.facebook.com/1358020911/posts/10220187475261258?sfns=mo

Դատախազության պարզաբանումը՝ https://www.facebook.com/100018745601811/posts/445686339399549?sfns=mo

Նախ, շնորհակալություն եմ հայտնում Դատախազությանը պարզաբանման համար։ Մի կողմից, այն վերահաստատում է այդ կառույցի թափանցիկ աշխատելաոճը, իսկ մյուս կողմից՝ է՛լ ավելի ամրապնդում իմ հիմնավորումները։

Եվ այսպես,

1) Դատախազությունը միանգամայն արդարացիորեն նշում է, որ համապատասխան հանցակազմի համար անհրաժեշտ է «կոնկրետ գործի վրա ազդելու» նպատակը, և այնուհետև որպես ըստ էության հաստատված փաստ՝ ներկայացնում, որ (ա) սեպտեմբերի միջադեպում երիտասարդներն ունեցել են նման նպատակ (դատավոր Դանիբեկյանի վարույթում գտնվող հայտնի գործով), իսկ (բ) հունիսի միջադեպում՝ չեն ունեցել։ Հարց է ծագում՝ ի՞նչպես պարզեցիք։ Ես ստուգեցի համացանցը և պարզեցի, որ մայիսի վերջին - հունիսի սկզբին՝ դատավոր Գյուլումյանի հետ միջադեպից օրեր առաջ, Սահմանադրական դատարան են ներկայացվել հայտնի դիմումները - հանրությունն այդ մասին իրազեկվել է։ Արդյո՞ք այս ուղղությամբ քննություն է տարվել, արդյո՞ք փորձ է կատարվել պարզել՝ ունեցե՞լ են դատավորի հասցեին վիրավորանքներ տեղացող մարդիկ հայտնի գործով որոշման վրա ազդելու նպատակ, թե ոչ։ Որքան հասկանում եմ՝ այդ ուղղությամբ քննություն չի իրականացվել։ Իսկ միայն այս փաստը բավարար է քաղաքական էլեմենտով տարբերակված մոտեցում տեսնելու համար։

2) Դատախազությունը միանգամայն արդարացիորեն նշում է, որ համապատասխան հանցակազմի համար անհրաժեշտ է՝ դատավորին վիրավորեն պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ, և այնուհետև պնդում, որ Դատավոր «Գյուլումյանը իր տված բացատրության մեջ նշել է, որ թեև ակցիայի մասնակիցների հետ տեղի ունեցած միջադեպի ընթացքում հնչել են վիրավորական արտահայտություններ, սակայն դրանք ուղղված չեն եղել կոնկրետ իր անձի հասցեին: Այսինքն պարզվել է, որ ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել ոչ թե կոնկրետ որևէ գործի քննության հետ կապված, այլ նրանց բողոքը վերաբերել է դատական համակարգին:»

Մինչդեռ Դատավոր Գյուլումյանը, երեկ հրապարակված հայտարարությամբ, նշում է, որ «քրեական գործի հարուցման առիթ հանդիսացած սպառնալիքները և վիրավորանքները կոնկրետ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի հասցեին ուղղված չլինելու մասին ցուցմունք կամ բացատրություն չեմ տվել»։

Դատավոր Գյուլումյանի հայտարարությունը՝

https://www.aysor.am/…/%D4%B1%D5%AC%D5%BE%D5%AB%D5%…/1613209

Միտումնավո՞ր է Դատախազությունը աղավաղել փաստերը, թե՞ ոչ՝ թողնում եմ ընթերցողների գնահատմանը։ Միայն կհավելեմ, որ տեսագրության մեջ պարզորոշ երևում է՝ վիրավորանքները հնչում են Դատավոր Գյուլումյանի հասցեին։ Էլ ի՞նչ ցուցմունք-բացատրություն։

Հունիսի 5-ի միջադեպի տեսագրությունը՝

https://youtu.be/RKDW-wZntng

Հետևություն՝ Դատախազության պարզաբանումներով ոչ միայն չի հերքվում, այլև ավելի է հաստատվում այն պնդումը, որ հունիսյան և սեպտեմբերյան միջադեպերը լիովին համադրելի են, սակայն քաղաքական նկատառումներով դրանց տրվել են միանգամայն տարբեր իրավական գնահատականներ։

ՀԳ. Ի տարբերություն Դատավոր Դանիբեկյանի՝ Դատավոր Գյուլումյանին նաև հրել են։ Նույնիսկ ֆուտբոլու՛մ դատավորին հրելը միանգամից պատժվում է կարմիր քարտով։ Նույնիսկ ֆուտբոլում…»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ