18  09  2019

Վենետիկի հանձնաժողովի հետ շատ թեժ քննարկում ենք ունեցել. ԲԴԽ նախագահ

Վենետիկի հանձնաժողովի հետ շատ թեժ քննարկում ենք ունեցել. ԲԴԽ նախագահ

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը Երևանի առաջին ատյանի դատարանի դատավորների հետ հանդիպմանն ասաց, որ դատաիրավական բարեփոխումների հարցով Բարձրագույն դատական խորհուրդը և Վենետիկի հանձնաժողովը շատ թեժ քննարկում են ունեցել։

«Որոշ հարցերում ունեցել  ենք տարաձայնություններ հենց ԲԴԽ-ի ներսում։ Մեր անձնական կարծիքներն ենք ներկայացրել Վենետիկի հանձնաժողովին»,- նշեց նա։

Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ հայտնվելով ԲԴԽ-ում և ուսումնասիրելով 1 տարուց ավելի կատարված աշխատանքը, վստահեցնում է, որ բավական լուրջ աշխատանք է կատարվել։ Ռուբեն Վարդազարյանը շեշտեց՝ շատ հեշտ է քննադատել, երբ ԲԴԽ անդամ չես. «Անդամ դառնալուց հետո, ես  իմ ուսերի վրա զգում եմ 230 հոգու համար պատասխանատվություն եւ փորձում եմ այնպես անել, որ մեր աշխատանքում չընկնենք ծայրահեղությունների գիրկը։ Դա բավական լուրջ բեռ է ԲԴԽ-ի ուսերին։ Ցանկացած որոշում ընդունելիս մենք գիտակցում ենք, որ կրում ենք 230 հոգու համար պատասխանատվություն»։

Նրա խոսքով՝ ԲԴԽ–ի կողմից մշակվել եւ ընդունվել է «բացարձակ դռնբացության եւ թափանցիկության» քաղաքականությունը. «Որեւէ խնդիր, որեւէ հարց չի քննարկվում դռնփակ կամ գաղտնի ռեժիմով, եթե օրենքով նախատեսված չէ, որ պետք է քննարկվի դռնփակ ռեժիմով»։

Նրա համոզմամբ՝ ձեռքբերումներից է նաև դատավորների ավտոմեքենաներին դատական համակարգի պետհամարանիշներ տրամադրելն է. «Այն 2 հարց է լուծում՝ հասարակությունն է տեսնում, որ մեքենայի ղեկին դատավոր է եւ վերաբերմունքն է փոխում, բացի այդ՝ մեծ հասարակական եւ հանրային հսկողության տակ կգտնվեն դատավորները՝ ունենալով այդ համարանիշները։ Եթե որեւէ դատավոր կկատարի ճանապարհային երթեւեկության խախտում, կթիրախավորվի, եթե մեքենան հայտնվի գիշերային ակումբի կամ կազինոյի դիմաց, նույնպես կթիրախավորվի։

Մենք ունենք դրա փորձը, նման պետհամարանիշներ ունեն դատախազությունը, քննչական ծառայությունները, ՊՆ–ն։

Ընդ որում՝ սա կամավոր է, ով կուզենա կփոխի, ով չի ցանական, չի փոխի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ