11  06  2019

Վերաքննիչ դատարանն իրավունք չունի փոխել խափանման միջոցը․ Արամ Օրբելյան․Factor.am



Factor.am-ի հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանի հետ.

– Պարո՛ն Օրբելյան, վաղը Վերաքննիչ դատարանը նորից քննելու է ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հարցը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանին նորից կալանավորեն:

– Որպես փաստաբան, հաշվի առնելով Փաստաբանության մասին օրենքի այն դրույթը, որ որևէ արդյունք երաշխավորելն արգելվում է, ոչինչ չեմ բացառում, բայց երբ վերլուծում ենք իրավունքը, որևէ կերպ կալանավորելու հիմք կամ հնարավորություն Վերաքննիչ դատարանի կողմից չենք տեսնում:

– Դատախազության այն պատճառաբանությունը, թե երկրորդ նախագահը կարող է ազդել արդեն դատաքննության ընթացքի վրա, հիմք չի՞ կարող համարվել։ Հատկապես, որ խոսակցություններ կամ կարծիքներ են հնչում, որ եթե նա կալանավայրում եղած ժամանակ ազդեց դատական համակարգի վրա և փոխվեց իր խափանման միջոցը, ազատության մեջ ինչեր կարող է անել:

– Խափանման միջոցի փոփոխությունը որևէ կերպ պայմանավորված չէ Ռոբերտ Քոչարյանի որևէ ազդեցությամբ: Եթե գոնե 2 տոկոսանոց էլ նման կասկած ունենային, դատախազության կողմն արդեն այդ հանգամանքների շուրջ առանձին քրեական գործ հարուցած կլիներ: Խափանման միջոցի փոփոխությունը պայմանավորված է բացառապես դատական նիստով, որը, բարեբախտաբար, դռնբաց էր, և դատարանի որոշմամբ, որը բավարար մակարդակով պատճառաբանված և հիմնավորված էր:

Հիմա դատարանի հիմնավորումների հետ կողմերը կարող են համաձայն չլինել, բայց որևէ մեկը չի ասում, որ դատարանի որոշումների կամ հիմնավորումների հետ բոլոր կողմերը պետք է համաձայն լինեն: Դատարանն ինքն է գնահատել առկա փաստերը և դրանց շուրջ եկել է եզրահանգման, որ այս փուլում արդեն կա՛մ չկա հիմք, կա՛մ եթե կա, ապա այնքան նվազ է, որ կարող է այլընտրանքային խափանման միջոցով հարցը շատ հեշտ լուծել, տվյալ դեպքում՝ անձնական երաշխավորությամբ:

– Պարո՛ն Օրբելյան, Դուք ընդհանրապես բացառո՞ւմ եք, որ դատական համակարգը և դատավորները, որոնք մեծ մասամբ նշանակվել են նախկին իշխանությունների կողմից՝ լինի դա Ռոբերտ Քոչարյանը կամ նրան հաջորդած Սերժ Սարգսյանը, որոշակի կաշկանդվածություն ունեն նրանց վերաբերող գործերը քննելիս:

– Այո՛, բացառում եմ: Ավելին՝ նայում էի տուժողների իրավահաջորդներից մեկի բողոքը, որում գրված էր, որ Սահմանադրական դատարան է դիմել, որտեղ դատավորների մեծամասնությունը նշանակված է Ռոբերտ Քոչարյանի կողմից: Բացեցի ՍԴ կայքը և նայեցի, թե դատավորներից ով երբ է նշանակվել:

Հիմա կարող եմ սխալվել, բայց կա՛մ ոչ մեկը չէր նշանակվել Ռոբերտ Քոչարյանի կողմից, կա՛մ մեկն էր նշանակվել. նշանակման ամսաթվի խնդիր էր: Դեռևս երկուսը կամ երեքը նշանակվել են Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, մի քանի հոգի նշանակվել են Սերժ Սարգսյանի կողմից, մի հոգի նշանակվել է արդեն, այսպես կոչված, իշխանափոխությունից հետո:

Հիմա հետևյալն է խնդիրը. զուտ պայմանավորված նրանով, թե ում ժամանակ է նշանակված անձը, դրանից կարող է կաշկանդվել, թե ոչ, կարծում եմ՝ ոչ: Ավելի կարևոր է, թե ով կարող է անձին աշխատանքից հանել: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ որոշակի գործընթաց է գնում դատական համակարգի անկախության մեծացման:

– Եթե վաղը Վերաքննիչ դատարանը Ռ.Քոչարյանին նորից կալանավորելու որոշում կայացնի, Դուք կբողոքարկե՞ք այդ որոշումը։

– Իհարկե, բայց ցանկացած բողոքարկման որոշումը կայացնում ենք որոշման տեքստը ստանալուց հետո։ Առաջ չընկնենք, քանի որ դատարանը կարող է բազմաթիվ որոշումներ կայացնել։ Կալանավորելն էլ մինչև վերջ պարզ չէ, որովհետև եթե վերացվի այլընտրանքային խափանման միջոցի որոշումը, ինչի տեսական հնարավորությունը դատարանն ունի, ապա Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի 1 օրով, որովհետև նախորդ կալանքը կրելուն 1 օր էր մնացել։

Դրա հետ նույնպես մենք համաձայն չենք, բայց Վերաքննիչ դատարանն իրավունք չունի փոխել կիրառված խափանման միջոցը։ Եթե առաջին ատյանի դատարանը կիրառել է անձնական երաշխավորություն, ապա Վերաքննիչ դատարանը կարող է վերացնել այդ որոշումը, բայց դրա փոխարեն չի կարող խափանման միջոցի վերաբերյալ այլ որոշում ընդունել։ Հետևաբար՝ կալանքը տևելու է 1 օր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ