21  05  2019

Խախտում թույլ չի տրվել․ սահմանադրագետի պատասխանը՝ Վահե Գրիգորյանին․168.am

Խախտում թույլ չի տրվել․ սահմանադրագետի պատասխանը՝ Վահե Գրիգորյանին․168.am

«168 Ժամ»-ը գրում է․ «Հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան, քանի որ դատավորը գտել էր, որ կիրառվող նորմի հետ սահմանադրականությանն առնչվող հարց կա ըստ էության։

Այսօր Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների պաշտպան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր այդ որոշմանը՝ մասնավորապես գրելով.

«Սահմանադրական դատարանն իրավասու չէ դատավոր Դ․ Գրիգորյանի որոշմամբ գործի քննություն սկսել, քանի որ, հակառակ դեպքում, հենց իր որոշմամբ է խախտելու տուժողների բողոքարկման իրավունքը։ Բայց դեռ կերևա, թե այս գործն ինչու է այսպիսի շտապողականությամբ հասել ՍԴ։ Եվ դա կերևա հենց ՍԴ կողմից գործով քննության մասին որոշումից։ Մի բան փաստված է, որ մի շարք նյութական և դատավարական իրավունքի խախտումներով դատավոր Գրիգորյանը բերանքսիվայր և ամեն գնով «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների» գործը սրընթաց հասցրել է ՍԴ։ Սա, թերևս, աննախադեպ և ոչ պատահական շտապողականություն է…»։

168.am-ը Վահե Գրիգորյանի փաստարկների, մեղադրանքների ու այս որոշման իրավական հետևանքների շուրջ զրուցեց սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ։

Նա հայտարարեց, որ որևիցե ընթացակարգային խախտում թույլ չի տրվել դատարանի կողմից։ Ինչպես հստակ ձևակերպված է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածում, դատարանը կարող է սեփական նախաձեռնությամբ որոշում կայացնել՝ դիմել Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ կասեցնելով գործի վարույթը։ Այլ կերպ ասած՝ դա իրենից դատական նիստ չի ենթադրում, կողմերի մասնակցություն չի ենթադրում, և դատավորը պարտավոր չէ որևէ մեկի տեղյակ պահել, կողմերի հետ խորհրդակցել կամ կարծիք լսել։

Ինչ վերաբերում է բողոքարկելուն, Ա. Վարդևանյանն ասաց, որ ՍԴ որոշումն ու քրեական գործով վարույթի կասեցումը բողոքարկման ենթակա չի, քանի որ այստեղ պետք է գործի ոչ թե Քրեական դատավարության օրենսգրքին վերաբերելի հոդվածներով նեղ մեկնաբանությունը, այլ «Սահմանադրական դատարանի» մասին սահմանադրական օրենքի դրույթների կիրառելիությունը։

«Խոսքը 300.1 հոդվածի մասին է, որն էլ հենց կիրառվելիք նորմն է, որի սահմանադրականության խնդրի մասին մեկ տարու չափ խոսում են մասնագետները, և որն առերևույթ սահմանադրականության հետ խնդիր է առաջացնում, որի պարագայում դատավորը պարտավոր է դիմել։ Ոչ թե դատարանին հարցնում են՝ արդյոք դիմե՞ս, թե՞ ոչ, այլ դատարանը պարտավոր է դիմել»,- նշեց Վարդևանյանը։

Ինչ վերաբերում է ՍԴ ուղարկելու վերաբերյալ դատարանի՝ Վահե Գրիգորյանի կողմից մատնանշված շտապողականությանը, Ա. Վարդևանյանն ասաց, որ դատավորը որոշումը կայացնելուց հետո անհապաղ պետք է գործն ուղարկի ՍԴ, իսկ այդ որոշումը կայացնելու որոշում դատավորը կարող է ընդունել գործը վարույթ ընդունելու պահից սկսած ցանկացած պահի։

«Սա յուրաքանչյուր դատարանի ոչ միայն օրենսդրական, այլև սահմանադրական լիազորությունն է։ ՀՀ Սահմանադրության ուժով յուրաքանչյուր դատարան ունի նման լիազորություն։ Պատկերացրեք, եթե նման որոշումը բողոքարկման ենթակա լիներ… Այսինքն՝ ՍԴ-ն ե՞րբ պետք է սկսեր գործի քննությունը, երբ Վճռաբեկ դատարանը վերջնական որոշում ունենար, էդ դեպքում ՍԴ դիմող միակ սուբյեկտը պետք է լիներ Վճռաբեկ դատարանը, որովհետև ցանկացած հակառակ իրավիճակում պետք է սպասեր, մինչև Վճռաբեկը դիրքորոշում արտահայտի, որովհետև մինչև գործն Ընդհանուր իրավասության դատարանից հասնի Վերաքննիչ, Վերաքննիչից՝ Վճռաբեկ, առնվազն երեք ամիս տևում է, մինչև վերջինս որոշի՝ վարույթ ընդունի՞, թե՞ չէ։ Էդ դեպքում ՍԴ-ն ե՞րբ գործը վարույթ կընդուներ»,- մեկնաբանեց սահմանադրագետն իրավական ընթացակարգը՝ նշելով, որ նման դեպքեր հարյուրավոր են եղել, երբ դատարանը կասեցրել է գործի վարույթն ու դիմել ՍԴ, և դա իրենից որևէ ընթացակարգային խախտում չի ենթադրել, բողոքարկման իրավունքի սահմանափակում չի դիտարկվել։

Նա հայտարարեց, որ և այս դեպքում ևս որևէ խախտում առկա չէ, թեպետ ինքը ենթադրում է, որ Վահե Գրիգորյանը կարծում է, որ պարտադիր պետք է նիստի միջոցով որոշվեր այս հարցը, բայց նման պարտականություն դատարանը բացարձակապես չուներ։

Խոսքը գնում է սահմանադրական լիազորություն իրացնելու մասին, որը բողոքարկման ենթական չէ։

«Սա սովորական կասեցում չէ։ Երբ խոսքը գնում է կիրառվող նորմի սահմանադրականության մասին, տուժողի իրավունքի խախտում չի կարող լինել։ «ՍԴ մասին» օրենքի ուժով այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ, քանի այն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտ է, քան որևէ այլ օրենք»,- ասաց մեր զրուցակիցը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ