10  04  2019

Քոչարյանին առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդման և վրեժխնդրության արդյունք է. Ռուբեն Սահակյան

Քոչարյանին առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդման և վրեժխնդրության արդյունք է. Ռուբեն Սահակյան

Մինչ քննարկում է երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու հարցը՝ «Փաստինֆո»-ն խնդրեց պաշտպան Ռուբեն Սահակյանին պատասխանել առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցներին վերաբերող մի քանի հարցերի։

-Պարոն Սահակյան, արդեն ավելի քան մեկ ամիս է ծանոթանում եք քրեական գործի նյութերին։ Այս պահին մի կողմ դնելով նախագահի Սահմանադրական անձեռնմխելիության ինստիտուտը, խնդրում եմ ասեք, թե ըստ քրեական գործի՝ ինչով է դրսեւորվել նախագահի կողմից Սահմանադրական կարգի տապալումը։

- Որպես մեղադրյալի ներգրավելու մասին որոշման մեջ «Սահմանադրական կարգի տապալում» բառերով որակվել են քննիչի մտքերը, որոնք հանցակազմի հետ որևէ կապ չունեն: 13.5 էջից բաղկացած մեղադրանքը ջուր է, հանցակազմի տարրերի հետ որևէ աղերս չունի: 12 էջը որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի անձի հետ: Կես էջը՝ ՀՀ Սահմանադրության հինգ հոդվածների շարադրանքն է: Մեկ էջի վրա էլ գրել են 0038 հրամանի ու արտակարգ դրություն հայտարարելու հրամանագրի մասին: Բոլոր այդ մտքերի տրամաբանական կապն էլ բացակայում է: Ութ ամսից ավելի է ինչպես Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններս, այնպես էլ մյուս մեղադրյալների պաշտպանները հայտարարում են, որ չեն հասկանում մեղադրանքի շարադրանքը: Անգամ գրավոր ենք դիմել՝ պահանջելով պարզաբանել մեղադրանքը, մերժվել է միջնորդությունը: Իմ երկարամյա պրակտիկայում առաջին անգամ եմ հանդիպում այսպիսի անորոշ, ոչինչ չասող մեղադրանքի ձևակերպման:

- ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասը համաձայն՝ Սահմանադրական կարգ տապելել նշանակում է ՀՀ Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված նորմի դադարեցումը։ Բազմաչարչար 0038 հրամանը նշված հոդվածներով ամրագրված, որ նորմն է վերացրել։

- 0038 հրամանի մասին մի քանի անգամ հրապարակայնորեն մասնագիտական պարզաբանումներ տվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այդ հրամանը պաշտպանության նախարարության ներքին գործածության հրաման է: Իսկ այն ինչ ՀՔԾ-ն է տեսնում այդ հրամանի տակ, ապա դա ՀՔԾ-ի կարծիքը չէ: Դա ուրիշի ցանկությունն է, որը ՀՔԾ-ի կողմից մատուցվում է հասարակությանը՝ որպես հանցանք հիմնավորող հրաման: Հույժ գաղտնի բառերն էլ օգտագործել են հրամանին խորհրդավորություն հաղորդելու, տպավորությունն ուժեղացնելու համար: Իրականում հրամանի նպատակը եղել է կանխել Զինված ուժերի ներգրավումը քաղաքական գործընթացներին: Ավելիի ապացույցներ՝ գործի 76 հատորներում չկան: Այն, ինչ մեր ընդդիմախոսները ուզում են տեսնել 0038 հրամանում, ընդամենը տկար երևակայության արդյունք է: Այն ինչ նրանք գնահատում են որպես «ծանրակշիռ» ապացույց, իրականության մեջ թուղթ է, իսկ թղթի քաշը գիտեք չնչին է: Առկա բովանդակությունն էլ այդ փաստաթղթին կշիռ, արժեք չի տալիս:

Նկատի ունենալով, որ Միքայել Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է, թող նրա մասով գործն ուղարկեն Ռուսաստանի Դաշնություն՝ հանձնարարելով իրականացնել նրա քրեական հետապնդումը: Այդպիսի ընթացակարգ սահմանված է համապատասխան բազմակողմ կոնվեցիայով: Համոզված եմ չեն ուղարկի՝ գիտակցելով, որ կխայտառակվեն:

- 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 2-րդ hոդվածը, որը գործել է նաեւ 2008 թվականին, ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Քրեական գործով կա որեւէ ապացույց, որ ընտրությունները կեղծվել են, որի հետեւանքով ժողովուրդը զրկվել է իր իշխանությունն իրականացնել ազատ ընտրության միջոցով։

- Քրեական գործի այն մասում, որին հասցրել ենք ծանոթանալ նման բան չկա: Կարծում եմ որ մնացած մասում նույնպես չի լինի: Բացի այդ ընտրությունների ընթացքին հետևած միջազգային դիտորդական բոլոր երեք առաքելությունների ներկայացուցիչները հաստատել են ընտրությունների արդյունքների օրինականությունը: «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ» ԵԽԽՎ-ն 18.04.2008 թվականի թիվ 1609 բանաձևով, անդրադառնալով 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին և դրան հաջորդած իրադարձություններին, ոչ միայն կասկածի տակ չի դրել ՀՀ Սահմանադրական դատարանի 08.03.2008 թվականի ՍԴՈ-736 որոշումն, այլև՝ ուղղակիորեն կոչ է արել ընդդիմադիր բոլոր ուժերին ճանաչել Սահմանադրական դատարանի այդ որոշումը (տես՝ 1609 բանաձևի 9-րդ կետը):

- ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները հաստատելու մասին ԿԸՀ 2008 թվականի որոշումը կեղծված լինելու, կամ դրանցում ընտրությունների իրական արդյունքները ներկայացված չլինելու վերաբերյալ որեւէ ապացույց քրեական գործում կա՞։

- Սահմանադրական դատարանի 08.03.2008թ. որոշման առկայության պայմաններում նման բան լինել չի կարող գործում։

- Պարոն Սահակյան, որքանով տեղյակ եմ՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ, որպես ընտրությունների արդյունքները վիճարկող փաստարկ նշվել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի, ԵԽ զեկուցողների ու նաեւ այն ժամանակվա ՄԻՊ-ի զեկույցները։ Խնդրում եմ՝ պարզաբանեք դրանք գերակա ուժ ունե՞ն, քա՞ն ԿԸՀ եւ ՍԴ որոշումները։

- Այո նման բան կա մեղադրանքում: Նաև այդ փաստն է թույլ տալիս մեզ որակել մեղադրանքը որպես անհեթեթ: Դատեք ինքներդ՝ հարցում շարադրված հանգամանքներն անվանել սահմանադրական կարգի տապալում՝ իրավական անգրագիտություն կլինի: Օրինակ, եթե մեղադրանք առաջադրելու որոշման մեջ կա ընտրությունների արդյունքները վիճարկող փաստարկի մասին հիշատակում, ապա դա ընդհամենը հիշատակում է ոչ ավելին: Այդպիսի հիշատակումով չի կարելի անձին մեղադրել սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նման հիշատակումներն արժեք ունենալ չեն կարող, քանի դեռ կա ԿԸՀ և ՍԴ որոշումները (չմոռանանք նաև վերը հիշատակված 1609 բանաձևը): Դրանք կարելի է գնահատել որպես անձի, անձանց, հասարակական քաղաքական կառույցների կարծիք, բայց ոչ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի ապացույց: Բացի այդ, եթե հիմնվորված լիներ, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, ապա կարելի կլիներ խոսել ընդհամենը ընտրակեղծիքների հանցակազմերի մասին: Եվ այլն և այլն:

Սակայն այստեղ կարևոր է հետևյալը. եթե նման բան կա, կնշանակի որ քննչական խումբը մեղադրանքի որոշումը ձևակերպելու ունակություն չունի, կնշանակի, որ նման մեղադրանքը պաշտպանող դատախազները նույնպես այդ առումով տկար են: Ես անձամբ դա բացառում եմ: Նրանք գրագետ իրավաբաններ են: Բայց հարց է առաջանում ինչպե՞ս կարող է այդպես լինել՝ գրագետ, բայց անհեթեթություն գրի ու պաշտպանի այն: Պատասխանն այլ տեղ է հարկավոր փնտրել: Քաղաքական պատվերն է այստեղ չափազանց մեծ դեր խաղում, իսկ անհեթեթության մեղավորները «դուխ» չունեն օբյեկտիվ լինելու և քաղաքական ուժին ասելու՝ «մենք ՀՔԾ պետի և մի քանի այլ իրավաբանների կարծիքը չենք կիսում»:

- Ձեր կարծիքով՝ ինչու նախաքննական մարմինը չփորձեց նախ հիմնավորել, որ 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են, այսինքն, ժողովուրդը զրկվել է Սահմանադրության 2-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքից, այլ մեղադրանքի հիմքում օգտագործեց միջազգային կազմակերպությունների եզրակացությունները՝ խախտումների վերաբերյալ: Ընդ որում՝ անգամ այդ եզրակացություններում չկա հիշատակում, որ քվեարկության արդյունքներով ընտրվել էր այլ թեկնածու, սակայն կեղծվելու միջոցով ընտրված թեկնածու է համարվել Սերժ Սարգսյանը։

- Իմ կարծիքով, ոչ իմ համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդման և վրեժխնդրության արդյունք է: Վերևում արդեն ասեցի, որ մեղադրանքն այնպես է ձևակերպված, որ հասկանալ հնարավոր չի: Իհարկե քրեա-իրավական առումով անհասկանալի: Դա է պատճառը, որ չենք հասկանում՝ անհեթեթ բովանդակություն ունի: Ի դեպ նույն կարծիքին են նաև Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գրիգորյանի պաշտպանները, ինչպես նաև դատական իշխանության այն ներկայացուցիչը, որին դատավորներից մեկն ասել էր, որ «գործը ջուր ա»: Ամեն դեպքում մենք գործի ելքով շահագրգռված անձինք ենք, իսկ դատավորը՝ ոչ: Չհավատալ այդ դատավորին մենք չենք կարող: Նա մեզանից շուտ է ծանոթացել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությանը և կից գործի նյութերին և առաջինը ինքն է այդպիսի կարծիք հայտնել: Ես հավատում եմ այդ դատավորին, սակայն չեմ խղճում նրան, որովհետև դուխով չգտնվեց: Մի բան է մտածում՝ մեկ այլ բան անում: Պատվեր կատարող է:

 Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ