09  04  2019

Բարեբախտաբար, մենք ստիպված չենք ամեն հարցով դիմել եվրադատարան․ Արամ Օրբելյան



Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է։ Ապրիլի 9-ի դատական նիստում դատախազներն ու քննիչներն են ներկայացրել միջնորդության դեմ առարկությունները։

Լրագրողների հետ ճեպազրույցում փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ նիստին մասնակցող Ռոբերտ Քոչարյանը տարբեր հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնել է, վերջում հանդես կգա հայտարարությամբ։

«Դռների հետևում դատական գործըթաց է, քաղաքական դեբատներ չեն, նույնիսկ եթե կա քաղբանտարկյալի էլեմենտներ, ներսում իրավական գործընթաց է»,— ասաց Օրբելյանը։

Փաստաբանների փաստարկները վերաբերում են անձեռնմխեիությանը, 301 հոդվածի հետադարձ կիրառմանը, քննությունը լիովին միակողմանի տանելուն։ Մեղադրանքը, ըստ Օրբելյանի, ոչ հստակ է․ «Մենք վարույթ իրականացնող մարմնին ասում ենք, որ հստակ չի, չենք հասկանում ոչ միայն տեքստը, այլև 300․1 հոդվածի տեքստում ներկայացված արարքների և Ռոբերտ Քոչարյանի կապը։ Շատ ընդհանրական ձևակերպումներ կան, օրինակ՝ շրջապատի մարդկանց կողմից կատարվել է գործողություն, ընդ որում՝ չի նշվում՝ հրամանո՞վ է կատարվել, գիտությա՞մբ է կատարվել, կապ ունի՞ ընդհնրապես Քոչարյանը կամ մյուս մեղադրայալները դրա հետ։ Փորձ է արվում որոշակիորեն խեղաթյուրել բացատրությունները»։

Մեղադրող կողմը, Արամ Օրբելյանի խոսքով, պարտավոր է ապացուցել, որ եղել է հանցագործություն և դա անել ուղղակի ապացույցներով, ոչ թե ենթադրություններով։

Դատախազության առարկությունները, ըստ փաստաբանի, ապացույցներ և ցուցմունքներ են՝ «Կարող ա՝ այսպես ա եղել, կարող ա՝ այսպես չի եղել» մակարդակով։

Անդրադառնալով երկրորդ նախագահին տեսակցությունների արգելքին և մասնավորապես, 2․5-ամյա թոռանը տեսակցել արգելելուն, Արամ Օրբելյանն ասաց․ «Կա տեսակցության ընդհանուր սահմանափակում, որից հանվում են բացառություններ։ Ես չգիտեմ, թե 2,5-ամյա թոռնիկը ինչպես պետք է խանգարի քննությանը, բայց կա տեսակցության արգելանք»։

Փաստաբան Օրբելյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը խցում մենակ է, տրամադրությունն էլ անփոփոխ լավ է։ Հարցին, թե՝ ինչո՞ւ, պատասխանեց․ «Որովհետև ինքը համոզված է, որ անմեղ է, ինքը համոզված է, որ սա քաղաքական հետապնդում է, և համոզված է, որ արդարցվելու է գործընթացի վերջում և համոզված է, որ պատասխանատու անձինք պատասխանատվության են ենթարկվելու։ Զբաղվում է մասնագիտական գրականության ընթերցանությամբ, նյութերի է ծանոթանում»։

Փաստաբանական թիմը շարունակում է ծանոթանալ փաստաթղթերին։ Այժմ սպասում են մեղադրական եզրակացությանը։

Նիստը կշարունակվի ապրիլի 10-ին, ժամը 12։30։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ