28  03  2019

Քաղաքապետարանի աշխատակիցները առևտրականներից անօրինական գումարներ են հավաքել

Քաղաքապետարանի աշխատակիցները առևտրականներից անօրինական գումարներ են հավաքել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2019 թվականի մարտի 18-ին գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզված հանգամանքների մասին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ համաձայն դրանց՝ գյուղատնտեսական արտադրանքի շուկայում առանց համապատասխան թույլտվությունների հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների իրացմամբ զբաղվող մի քանի անհատ ձեռներեցներից առձեռն ստացվել են օրենքով սահմանված համապատասխան տուրքերն ու վճարները, սակայն դրանք չեն մուտքագրվել Երևանի քաղաքապետարանի տեղական տուրքերի հաշվառման ծրագրի տեղեկատվական բազայում:

Հաղորդումը քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով ՀՀ դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 9 անհատ ձեռներեցներ 2015-2018 թվականներին, տարբեր ժամանակհատվածներում գործունեություն ծավալելու ընթացքում, Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում գործող գյուղատնտեսական արտադրանքի շուկայում սննդի կազմակերպման և իրացման, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների իրացման համար յուրաքանչյուր տարի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներին որպես տուրք առձեռն տվել են 41 հազարից մինչև 86 հազար ՀՀ դրամ գումար։

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016-2017թ․․ ընթացքում նշված շուկայում սննդի կազմակերպման և ալկոհոլային խմիչքների իրացմամբ զբաղվող անձանցից տուրքերի գումարներն առձեռն ստացել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի երկու մասնագետներ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3111 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ