20 12 2018

Կոռուպցիոն 30 գործով բյուջեին 20 մլրդ դրամի վնաս է հասցվել



Հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունն ստանձնել է առանձնահատուկ դերակատարություն։ Այս մասին դեկտեմբերի 20–ին՝ Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին իր ելույթում, ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է. «Մեզանում նախկինում ընդունված չի եղել ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խոսել մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից։ Այսուհետ խոսելու ենք, որովհետև սահմանադրական կարգի պահպանություն նշանակում է առաջին հերթին պաշտպանել ժողովրդի իշխանությունը հնարավոր բոլոր ոտնձգություններից։ Մեր հեղափոխության դավանած արժեքները բառացի գրված են մեր երկրի Սահմանադրության մեջ։ Պաշտպանելով ժողովրդին՝ դուք պաշտպանում եք իշխանության աղբյուրը։ Իշխանության որևէ այլ աղբյուր բացի Հայաստանի քաղաքացիներից չկա և չի կարող լինել։ Հիշե՛ք, կոռուպցիան պարզապես փող ուտելը չէ։ Համակարգային կոռուպցիան ամենաուղղակի կերպով կապված է իշխանությունը ժողովրդից խլելու և ապօրինաբար պահելու գործընթացների հետ։ Մենք ձեզ հետ միասին և մեր ողջ հասարակության հետ դա թույլ չենք տալու։

Տոնական օրերին ընդունված չէ խոսել խնդիրների մասին, բայց քանի որ մենք իմաստավորում ենք նաև մեր պատմությունը, հարկ եմ համարում ընդգծել, որ, ցավոք սրտի, Հայաստանում իրավապահ մարմինները ժամանակ առ ժամանակ ներգրավված են եղել երկրում քաղաքական հետապնդումներ իրականացնելու գործին, և հիմա նույնպես մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ժամանակ առ ժամանակ հնչում են մեղադրանքներ, կասկածներ քաղաքական հետապնդումների և այլնի մասին:

Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել այն փաստը, որ մեր երկրից և ընդհանրապես իրավապահ համակարգից պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որևէ կոմպոնենտ: Պետական մարմինները, անվտանգության մարմինները, իրավապահ մարմինները չպիտի լինեն, ի բնե չպիտի հնարավորություն ունենան դառնալու հաշվեհարդարի գործիք գործող իշխանությունների ձեռքին: Եվ ազգային անվտանգության ծառայության, ընդհանրապես իրավապահ մարմինների յուրաքանչյուր աշխատող պետք է համոզված լինի, որ իր գործողությունները բխում են օրենքից, համապատասխանում են օրենքին, ծառայում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքի, մեր երկրի, պետության և ժողովրդի շահերին: Այս սահմանում է, որ պիտի տեղի ունենա մոտեցումը, որ վետերանների միության հարգելի նախագահն անվանեց գթասրտություն»։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իր ելույթում նշեց՝ 2018 թվականին Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները հանրապետության պետական սահմանի ապօրինի հատումների կանխման կրկնակի ավելի շատ միջոցառումներ են անցկացրել: 

Նշելով, որ հակառակորդի հատուկ ծառայությունները չեն նիրհում, Վանեցյանը շեշտեց հայկական հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը:  

Խոսելով բանակում կոռուպցիայի մասին՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ բացահայտվել են մի շարք կոռուպցիոն սխեմաներ, հարուցվել է մոտ 7 տասնյակ քրեական գործ, մեղավորները պատասխանատվության են ենթարկվել, իսկ պատճառված վնասը կարող է հասնել տասնյակ միլիարդ դրամի: «Անթույլատրելի է բանակից գողանալը, եւ ԱԱԾ-ն ամբողջ ուժով կպայքարի դրա դեմ»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԱԾ վարույթում են զենքի ապօրինի շրջանառության քրեական գործեր, որոնցով ձերբակալվել եւ կալանավորվել է 130 մարդ, որոնց թվում կան բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պատգամավորներ: Այս գործերով առգրավվել է ավելի քան 100 միավոր զենք եւ տասնյակ հազարի հասնող փամփուշտ:

Շարունակվում է պայքարը ծայրահեղականության, ահաբեկչության, կիբեռհանցագործությունների դեմ: Ընթացիկ տարվա 11 ամսում համապատասխան ստորաբաժանումները հետ են մղել Հայաստանի պետական կայքերի վրա ավելի քան 3 մլն հարձակումներ:

Վանեցյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարը կշարունակվի: Նրա խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ թվով պետական մարմիններում կոռուպցիան բրգաձեւ է եղել: Կոռուպցիան հյուծում է պետության անվտանգությունը, բացասաբար է անդրադառնում պետական մարմինների գործունեության, երկրի իմիջի վրա:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ ծառայության վարույթում գտնվող նման 30 գործերով ստացված ապացույցների համաձայն՝ նախնական տեղեկություններով պետությանը հասցվել է 20 մլրդ դրամից ավելի վնաս: Այս միջոցների զգալի մասը վերականգնվել է: Բայց հիմքեր կան ենթադրելու, որ թվերը կարող են աճել՝ ստուգվում է 250 մլրդ դրամի ֆինանսական գործարքների օրինականությունը, հայտնեց Վանեցյանը: «Չափազանցություն չի լինի ասել, որ կոռուպցիային պատերազմ է հայտարարվել, եւ մենք որոշակի հաջողությունների ենք հասել»,- շեշտեց ԱԱԾ տնօրենը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ