29  06  2018

Վազգեն Ռշտունին ընտրվել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ

Վազգեն Ռշտունին ընտրվել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 28-ին հանդիպում և աշխատանքային քննարկումներ է ունեցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների հետ:

Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:

Կարևորելով նման հանդիպումները հատկապես դատական իշխանության անկախության և արդարադատության արդյունավետության բարձրացման հիմնախնդիրների քննարկման տեսանկյունից՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հարությունյանն առանձնացրել է հատկապես երկու հիմնախնդիր:

Նախ՝ խելամիտ ժամկետներում գործի քննության երաշխավորումը և արդարադատության գործընթացի օպտիմալ կազմակերպումը: Երկրորդ՝ հետևողականությունն օրենսդրության պահանջների հստակ կատարման ուղղությամբ և անկախաբար արդարադատություն իրականացնելու անհրաժեշտ մշակույթի արմատավորումը:

Շեշտվել է նաև, որ 12-րդ դարում Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» կարևորվում էին ոչ միայն դատավորի հմուտ, գիտուն, օրենսգետ, անաչառ, անկաշառելի լինելու որակները, այլև նրա բարի, առաքինի, համբերատար լինելու հատկությունները:

Դատավորի՝ նման որակներ ունենալու պահանջն այսօր էլ օրակարգային խնդիր է: Օրինակ՝ պատշաճ համբերատարության բացակայության վկայությունն է նաև այս օրերին համացանցում տեղակայված տեսանյութը՝ Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստի առնչությամբ:

Բարձրագույն դատական խորհրդի անդամները և Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներն անդրադարձել են նաև դատարանների ծանրաբեռնվածության, դատական կազմերի ձևավորման, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության և մի շարք այլ հիմնախնդիրների:

Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ նույն օրը Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպել է նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի ընտրություն:

Գաղտնի քվեարկության արդյունքներով, ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  1.  Մարաբյան Սերգեյ - 1
  2. Ռշտունի Վազգեն - 8
  3. Սահակյան Տիգրան -1

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել Վազգեն Ռշտունին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ