05  03  2018

ՀՀ ՊՆ N զորամասից յուրացվել է շուրջ 45 մլն դրամի ապրանքատեսակ

ՀՀ ՊՆ N զորամասից յուրացվել է շուրջ 45 մլն դրամի ապրանքատեսակ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ ՊՆ N զորամասից առանձնապես խոշոր չափերով յուրացման դեպք, պարզվել մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի հրամանատարի տեղակալին և պահեստապետին: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ N զորամասի ընթացիկ բավարարման և երկարատև պահպանման բաժնի բժշկական սարքավորումների և տեխնիկայի բաժնից կատարվել են հափշտակություններ։ Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակությունների եղանակը, դրանց կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, հստակեցվել նրանց դերակատարությունը։

Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի պահեստից հափշտակությունները կատարվել են 2015-2017 թվականներին։ Մասնավորապես՝ պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ մտցնելու եղանակով հափշտակվել է ավելի քան 45 մլն. դրամի բժշկական ապրանքատեսականի, դրանց թվում՝ «Հարմոնիկ ուլտրաձայնային էլեկտրադանակի ծայրադիր», «Կավա ֆիլտր» և «Թանզիվ բժշկական» անվանումներով նյութական միջոցներ։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հրամանատարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 375-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ պահեստապետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-375-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, հնարավոր այլ չարաշահումները, դրանց կատարմանն այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հիշեցնենք, որ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բանակում չարաշահումներին, ասաց. «Չի եղել մի դեպք, որը համապատասխան ընթացք չստանա: Ցավոք, դրանք դեռևս կան, դեռևս լիարժեք չենք կարող ասել, որ ամբողջությամբ բացառված են նմանատիպ երևույթները, բայց, միևնույն ժամանակ, շատ ինտենսիվ աշխատանքներ են տարվում: Պարբերաբար մամուլում հայտնվում են տեղեկություններ, այս կամ այն զինծառայողի կամ պետական պաշտոնյայի չարաշահումների մասին՝ կապված բանակի հետ: Սա ամենօրյա աշխատանք է, որը պետք է իրականացնենք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ